Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի

2022թ. մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ուրախ եմ, որ խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը: Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքի խորհրդարանին հատկացման հնարավորությունը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով: Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»,-գրել է Արայիկ Հարությունյանը: