Պաշտոնական Տիրասպոլ. «Միջազգային գործընկերները պատրաստ են ճանաչել Մերձդնեստրը»

Տարօրինակ ազդակներ են ստացվում Մոլդովայից և Մերձդնեստրի Հանրապետությունից: Վերջին 2 ամսվա ընթացքում երկրորդ անգամ մեզ հետաքրքրել է այս հակամարտությունը: Ինչու՝ մեր կարծիքով, հասկանալի է. Մերձդնեստրը զենքը ձեռքին պայքարել է հանուն իր ազատության և անկախության այն նույն տարիներին, երբ մեր Արցախը Ազատագրական պատերազմ էր մղում կովկասյան թաթարների և թուրք վարձկանների դեմ: Որոշ տարրերում մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործընթացը համընկնում է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այսպիսով, ամռանը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ասում էր, որ եթե նա հաղթի նոյեմբերի 1-ին կայանալիք նախագահական ընտրություններում, իր հիմնական ռազմավարական խնդիրը կլինի հանրապետության «վերաինտեգրացումը»: Եվ «միջազգայնորեն ճանաչված սահմանների» շրջանակներում նա պատրաստ է Մերձդնեստրի տարածաշրջանին առաջարկել «շատ հզոր ինքնավարության» հատուկ կարգավիճակ:

Բոլորը հիշել են կովկասյան թաթարների «դատար դուրս տալը», այնպես չէ՞: Բայց ինչո՞ւմն է էական տարբերությունը. ի տարբերություն մեր կարգավորման, Մոլդովան ոչ մի կերպ չէր կարող խուսափել Մերձդնեստրի, նրա քաղաքական և ռազմական գործիչների հետ ուղիղ բանակցություններից: Եվ, ի տարբերություն մեզ, Դնեստր գետի վրա բնակվողները խոսել և խոսում են ավելի վճռական և կոշտ՝ թեկուզ և դիվանագիտական ​​էթիկայի շրջանակներում: Օրինակ, Մերձդնեստրի անկախության 30-ամյակի կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ Մոլդովայի նախագահ Դոդոնի բանավոր լուծին ի պատասխան՝ Մերձդնեստրի հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին շեշտել է, որ դե-ֆակտո Մերձդնեստրը ստեղծվել է ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, և այսօր այն լիարժեք պետություն է՝ իշխանության բոլոր պատշաճ ինստիտուտներով: Իրավական ճանաչումն արդեն կախված է գլոբալ քաղաքական դերակատարների կամքից: Նա ավելացրել է, որ համաշխարհային հանրության կողմից Մերձդնեստրի ճանաչումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Ըստ ՄՄՀ-ի երրորդ նախագահի կարծիքի՝ դա հնարավոր կդառնա «եթե արտաքին խաղացողներն ընդունեն նոր քաղաքական իրողությունը»:

Սեպտեմբերի 15-ին առավել հետաքրքիր և խորիմաստ ելույթ է ունեցել ՄՄՀ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Ստեցյուկը: Գիտակցելով, որ «քաղաքական իրավիճակը դեռ պահպանում է հին, իներցիոն և անարդյունավետ մոտեցումները», նա անսպասելիորեն հայտարարել է, որ շատ շուտով «ամեն ինչ կփոխվի»: Մի փոքր մեջբերենք. «Մեզ արդեն լսում են, նույնիսկ հասկանում, նույնիսկ կասեմ, որ սրտի խորքում ինչ-որ տեղ նույնիսկ աջակցում են: Սակայն այս հակամարտության վերաբերյալ գոյություն ունի միջազգային մասնակիցների ձևավորված հիմնական գիծ, ​​ձևավորված վերաբերմունք կամ դիրքորոշում: Այնուամենայնիվ, շատ մոտ ապագայում մեր միջազգային գործընկերները կսկսեն վերանայել իրենց մոտեցումներն այս տարածքի, Քիշնևի և Տիրասպոլի հարաբերությունների վերաբերյալ»: Հետագայում Ստեցյուկը ասել է, որ շուտով կցուցադրվի միանգամայն այլ որակական մոտեցում, որը հաշվի կառնի գերակշռող իրողությունը, և «հակամարտության վերջնական կարգավորումը կձևավորվի այսօրվա իրականության հիման վրա»: Ամփոփելով՝ փոխարտգործնախարարը հայտարարել է՝ ասուլիսի բոլոր ներկաներին հիշեցնելով. «Համաժողովրդական հանրաքվեն ժողովրդի կարծիքն է, ժողովուրդը իշխանության միակ աղբյուրն է: 14 տարիների ընթացքում մերձդնեստրյան դիվանագիտությունն առաջնորդվում էր բացառապես ժողովրդի կամարտահայտության արդյունքներով: Եթե ​​օրենքը կարելի է չեղյալ հայտարարել, վերընտրել կամ փոփոխել, ապա հանրաքվեն մնում է անսասան: 2006 թվականի հանրաքվեի ժամանակ քաղաքացիները (97,1%) կողմ են քվեարկել անկախությանը և Ռուսաստանի հետ ինտեգրմանը»:

Ի՞նչ պետք է մենք՝ Հայաստանը և Արցախը, հենց հիմա, առանց հապաղելու սովորենք մերձդնեստրականներից: Փոխել և միջազգային միջնորդների, և թշնամու, և սեփական ազգի հետ հաղորդակցվելու լեքսիկան, լեզուն: Այս թեզը՝ ամեն ինչ կարելի է փոխել, բայց հանրաքվեն մնում է անփոփոխ, անսասան, վաղվանից պետք է դառնա Հայաստանի և Արցախի իշխանությունների հիմնական լեզուն, որով նրանք պարտավոր են խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, թուրքերի և ցանկացած այլ ժողովրդի հետ, որը որոշի հանդես գալ Ադրբեջանի պաշտպանի դիրքերից: Եթե Երևանում և Ստեփանակերտում իշխանական գահերին բազմած ​​դիլետանտները կամ ամնեզիայով տառապողները չգիտեն կամ չեն հիշում, կամ նրանց «խստորեն խնդրել են մոռանալ», ապա մենք կհիշեցնենք. Արցախի ազատության և անկախության հանրաքվեն անց է կացվել 1991 թ. դեկտեմբերի 10-ին։ Եվ մեզ մոտ նույնիսկ (տոկոսային արտահայտությամբ) ավելի շատ քաղաքացի էր քվեարկել ազատության և անկախության օգտին, քան Մերձդնեստրում՝ հանրաքվեի մասնակիցների 99,89%-ը կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը, որը հռչակվել է 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում, ԼՂԻՄ-ԼՂՀ և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Եվս մեկ անգամ կրկնենք ամբողջ ազգովին. դա անփոփոխ և անսասան է: Միևնույն ժամանակ հիշեք փոխնախարար Ստեցյուկի կանխատեսումը. Մերձդնեստրի վերաբերյալ վերջնական կարգավորումը ֆիքսելու է այսօրվա իրողությունը, այսինքն` ՄՄՀ-ի ազատությունն ու անկախությունը … Ցանկանում ենք, որ Արցախը կրկնի այս նախադեպը:

Սերգեյ Շաքարյանց