«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը կերկարացվի ևս երեք տարով

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը անդրադառնալով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին՝ նշեց. «Ինչպես գիտեք 2015–ից գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը և, փաստացի, այդ օրենքի գործողության ժամկետը սպառվում է մի քանի ամսից: Մենք առաջարկում ենք նախ երեք տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, ինչը հնարավորություն կտա արդեն իսկ օրենքով ամրագրված մի շարք արտոնություններից օգտվել սահմանամերձ համայնքի բնակիչներին»:

Պատգամավորը նշեց, որ բացի օրենքով ամրագրված արտոնություններից՝ առաջարկվում է կատարել մի շարք փոոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանին հասցված այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել օթևանից զրկվելու դեպքերին, ինչպես նաև վերոնշյալ գործողությունների հետևանքով գյուղատնտեսական կենդանիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում: Ինչպես նաև օրենքի համաձայն՝ սահմանամերձ համայնքի բնակիչներին, մասնավորապես,  4-12-րդ դասարանի աշակերտներին կտրամադրվեն անվճար դասագրքերը: Եթե Ադրբեջանի հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով նշյալ համայնքներում բնակիչները կստանան վիրավորում, ապա ոչ միայն բուժօգնությունը կլինի պետպատվերի շրջանակներում անվճար, այլև կախված վնասվածքի աստիճանից, կտրամադրվի մինչև 3 միլիոն դրամ միանվագ գումար, իսկ եթե կլինի զոհ, ընտանիքի անդամներին կտրամադրվի միանվագ 5 միլիոն դրամ գումար: