Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը ընդլայնող նախագիծը

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծին, որով առաջարկվում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով:

Մելքումյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները: Պատգամավորը նախագծով այդ ցանկում ներառել է լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերի վերանորոգում և մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում և վերանորոգում, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն:

Նախագծի հիմնավորման մեջ Մելքումյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 272-րդ հոդվածի հավելված 3-ով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:

Հայաստանի Հանրապետությունում օրավարձով աշխատող մեր հայրենակիցները, ովքեր սահմանված կարգով գրանցված չեն որպես վարձու աշխատող, չեն կարող նույնականացվել պետության կողմից, հետևաբար նրանց իրավունքները չեն կարող պաշտպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Բացի դրանից,  չգրանցված վարձու աշխատողների աշխատանքային ստաժը չի կարող հաշվի առնվել կենսաթոշակի հաշվարկման ժամանակ: