Թուրքիան և Ադրբեջանը վախենո՞ւմ են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հայաստանի ՀՕՊ / ՀՀՊ հրթիռներից

Մենք առնվազն երկու անգամ տեղեկացրել ենք Հայաստանի քաղաքացիներին, որ մեր թշնամին`Ադրբեջանը, հրաժարվել է մասնակցել «Կովկաս-2020» ծածկագրով սպասվող (սեպտեմբերի 21-26-ը) համատեղ ռազմական զորավարժություններին, որի ընթացքում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի առաջարկով, զորավարժություններին մասնակցող երկրները համատեղ խնդիրներ են լուծելու ահաբեկչության դեմ պայքարում: Հայտնի է նաև, որ այդ զորավարժությունները կենտրոնանալու են պաշտպանական մարտավարության, շրջապատման, մարտի դաշտում վերահսկողության և հրամանատարության վրա, ինչպես նաև, որ «Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում կրկին իրենց ուժերն են միավորելու Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից ժամանած զինվորականները: Փառք Աստծո, որ մեր Հայաստանը համաձայնել է այս ռազմական իրադարձություններին մասնակցել Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հովանու ներքո: Ի վերջո, նրանց հետ է կապված ողջ Եվրասիայի ռազմավարական ապագան և Եվրասիայի անվտանգությունը:

Եվ ահա սեպտեմբերի 15-ին պարզ դարձավ, թե ինչն ու ինչի համար է «փոխանակել» Ադրբեջանը՝ հրաժարվելով իր զինվորականներին ուղարկել «Կովկաս-2020» զորավարժություններին: Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերն այս օրերին ցուցադրական թռիչքներ են իրականացրել «Ապշերոնյան խանության» օդային տարածքում՝ Գյանջա քաղաքի (Կիրովաբադ, Գանձակ) երկնքում, որոնց ընթացքում, իբր, ներկայացվել են «երկու երկրների նոր մարտական ​​ինքնաթիռներն ու ուղղաթիռները», հաղորդում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Չնայած աշխարհը շատ լավ գիտի, որ ոչ Թուրքիան, ոչ էլ «Ապշերոնյան խանությունը», ապրիորի չեն կարող որևէ ավելի նոր բան ցույց տալ, քան նրանք ունեն ռազմական օդային տեխնիկայի զինանոցում, կամ այն, ինչ խոստացել կամ պարտավորվել են մատակարարել ռազմական ավիատեխնիկայի համաշխարհային արտադրողները: … Ոչ թուրքերը, ոչ էլ կովկասյան թաթարներն իրենք չեն արտադրում որևէ տեսակի ավիացիա՝ ոչ ռազմական, ոչ քաղաքացիական…

Այժմ մեր երկրում շատերը հիշել են, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած բախումներից հետո տեղեկություններ կային, որ Թուրքիան փաստացի ռազմաբազա է ստեղծել Ադրբեջանում (ավելի ճիշտ՝ Նախիջևանում), իսկ թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժություններից հետո Անկարան, ի թիվս այլոց, դաշնակցին թողել է նաև F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչներն ու նրանց անձնակազմերը: Թուրքիայի ռազմաօդային ուժերի այս F-16 ինքնաթիռները հուլիսի 31-ին ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «TurAz Qartalı-2020» համատեղ զորավարժություններին: Ադրբեջանի զինված ուժերի հետ վարժանքների շրջանակներում թուրքական բանակը T-129 ATAK հարվածային ուղղաթիռներ է տեղափոխել Նախիջևան՝ Թուրքիայի, Իրանի և Հայաստանի սահմանների հանգույցում տեղակայված անկլավ: Թուրքիայի զինված ուժերի բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները ժամանել են ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով:

Նույնիսկ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ պետությունների (նույն Թուրքիայի) ռազմական օդանավերի գիտակ-մասնագետ՝ մենք հայտարարում ենք, որ թուրքերը և կովկասյան թաթարները միմյանց որևէ նոր (արդյունքում) ավիատեխնիկա չեն ցուցադրել: F-16 կործանիչներն ու T-129 ATAK ուղղաթիռները համաշխարհային ռազմական ավիատեխնիկայի զարգացման նույնիսկ երեկվա կամ երեկ չէ առաջին օրերի չեն: Բայց Գյանջայի երկնքում հնացած ինքնաթիռների և ուղղաթիռների այդ շքեղ, հպարտ ավիացիոն «խեղկատակությունը» ոչ այլ ինչ է, քան Անկարայի և Բաքվի վախի արձագանքը այն փաստին, որ, ըստ էության, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի կողմից հայտարարված և նախաձեռնված «Կովկաս-2020» զորավարժություններին հավասար պայմաններով մասնակցելու է Հայաստանը: Միգուցե ժամանակն է, որ Հայաստանն ի՞նքը նախաձեռնի հրթիռային մասնագետների համատեղ զորավարժություններ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ոլորտներում՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի գործընկերների մասնակցությամբ: Համոզված ենք, որ նման զորավարժությունները հուսալքելու են թուրքերին և կովկասյան թաթարներին և իրենց մոտ էլ չի լինի ցանկություն ռազմական ինքնաթիռների համատեղ թռիչքներ իրականացնել Հայաստանի և Արցախի սահմանների մոտ:

Սերգեյ Շաքարյանց