Մենք ամիսներ առաջ հագուստ ներկրողներին տեղեկացրել ենք, որ անցում է կատարվելու, և այս հարցը տարիներ շարունակ քննարկվել է. ՊԵԿ նախագահ

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ լուծում է տրվելու հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողների խնդիրներին և արդյոք հնարավոր չէ՞ քայլ առ քայլ իրականացնել փոփոխությունները:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը  նշեց. «Ժամանակի առումով, մենք ամիսներ առաջ հագուստ ներկրողներին տեղեկացրել ենք, որ անցում է կատարվելու, այս հարցը տարիներ շարունակ քննարկվել է»:

ՊԵԿ նախագահը հավելեց. «Եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, դա   չի նշանակում, որ այդ դաշտի հետ մենք պայմանավորվածություն չենք կնքել։ Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսվարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսվարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը իր գործողությունների ընթացքում պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում, դա մեր դիրքորոշումն է»: