«Ազատություն» TV-ն չի անդրադարձել մի շարք կարևոր թեմաների․ «Մեդիա պաշտպան»

«Ազատություն» TV-ն սեպտեմբերի 16-ի թողարկումներում չի անդրադարձել Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ու անվտանգության աշխատակցի միջև միջադեպին․ անվտանգության աշխատակիցը հրել էր պատգամավորին, ինչպես նաև կրթության նախարարի հրաժարականի պահանջով ՀՅԴ երիտասարդական միության քայլերթին։ Ազգային ժողովի դիմաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նախարարի հրաժարական պահանջով ակցիան ներկայացվել է թռուցիկ։ Չեն անդրադարձել Րաֆֆու փողոցում ոստիկանի ու մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին։ Դիմակի պատճառով ոստիկանը քաշքշել էր կնոջը, նրան բռնի ուժով բերման ենթարկել։ Չեն անդրադարձել Արարատի մարզում խաղողագործների բողոքի ցույցին, քաղաքացիները փակել էին մայրուղին։ Պատճառն այն էր, որ գործարանը նախկին 150-ի փոխարեն որոշել է 130-ով խաղողը վերցնել։ Ըստ էության, օրվա գլխավոր թեմաները լրատվականը շրջանցել է։ Լրատվությունը պետք է ծառայի հանրային շահին, մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի կողմից իրադարձությունները խեղաթյուրվում կամ չեն ներկայացվում։