Կորոնավիրուսով վարակման և հոսպիտալացման դեպքերը 15-49 տարեկանների շրջանում շատացել են․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել է 15-49 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակման և հոսպիտալացման դեպքերը, գրում է The Guardian պարբերականը։

ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կեպովը նշել է, որ կորոնավիրուսի վարակակիրների միջին տարիքը գնալով նվազում է, ինչպես նաև մանրամասնել է, որ հանդիպում են նաև կրկնակի վարակման դեպքեր, ինչի դեմ էլ ԱՀԿ-ն փորձում է պայքարել։

Առողջապահական ոլորտի փորձագետ, բժիշկ Մայք Ռայանը նշել է, որ հարավային կիսագնդում գրիպի սեզոնը բավականին թեթև է անցնում՝ չնայած իրավիճակն ամեն պահի կարող է բարդանալ։ Ռայանն ընդգծել է նաև, որ Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում «կայունացման» տեմպեր են նկատվում, սակայն թվերը շարունակում են դեռևս բարձր մնալ։

«Վիրուսը դեռևս շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել, և մենք դրա ամբողջական ազդեցության մասին դեռևս տեղյակ չենք»,- եզրափակել է նա։

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը: Worldometers.info տեղեկատվական կայքի տվյալներով, միայն վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 308 000 նոր դեպք:

Հայտնի է, որ մեկ օրում 308 000 վարակման նոր դեպքը գրեթե ռեկորդային ցուցանիշ է, որից ավելի մեծ թիվ գրանցվել է սեպտեմբերի 11-ին։ Սա նշանակում է, որ համավարակն իր պիկին է հասել և դեռևս չի թուլանում. այժմ վիրուսը մեծ տեմպերով տարածվում է Հնդկաստանում։

Աշխարհում նախկինի պես կա չորս երկիր, որտեղ վարակակիրների թիվը գերազնացել է մեկ միլիոնը (ԱՄՆ, Հնդկաստան, Բրազիլիա և Ռուսաստան), վեց երկիր էլ անցել է կես միլիոնի շեմը (Պերու, Կոլումբիա, Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Իսպանիա, Արգենտինա)։

Համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում մահացել է 945 166 մարդ, հիվանդությունից ապաքինվել է 22 միլիոն վարակակիր։