Նոր նախագծով հայտարարագրման պարտականություն սահմանվելու է նաև համայնքների աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների համար. Ռուստամ Բադասյան

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը՝ նշեց. «Հայտարարտուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Ծախսերի հայտարարագրման տեսանկյունից նախագծով որդեգրվել է հետևյալ մոտեցումը, որ օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, դրանք  ենթակա են հայտարարագրման, կամ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը: Ինչպես նաև որդեգրվել է այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, անկախ իմ նշած սպառիչ թվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման: Նախագծով առաջարկում ենք նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը: Նախագծով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող օրենքով նախատեսված գույքը կամ անհաշվետու ժամանակահատվածում իննսուն և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, թանկարժեք գույքը»:

«Առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում, այն է ՝ գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավասու կլինի անձից պահանջել ներկայացնելու գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 մլն-ից իջեցնելով այն 4 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արժույթի մակարդակ: Առաջարկվում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմի քարտուղարների,  15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար»,- հավելեց  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: