Երեքի գաղտնիքը

Ինչ-որ մի անհասկանալի ուժով, անհասկանալի մի լծակով երեք հոգի վարչապետ Փաշինյանի վրա ունեն վերահսկիչ փաթեթ։ Արայիկ Հարությունյանը, Հայկ Մարությանը և Արսեն Թորոսյանն ունեն անհասկանալի լծակներ, որոնց միջոցով Փաշինյանին մշտապես հիշեցնում են իր չափն ու տեղը։

Մի քանի շաբաթ առաջ Ա. Թորոսյանը պետական կառավարման համակարգում չընդունված տոնով հայտարարեց, որ որևէ պարագայում հրաժարական չի տա։ Հասկանալի է, որ դրա հասցեատերը վարչապետն էր։ Նույնատիպ տեքստով հանդես էր եկել Մարությանը՝ շեշտելով, թե «բարձր տրամադրությամբ է հետևում» իր հրաժարականի մասին լուրերին։ Երեկ էլ վարչապետ Փաշինյանին բաց տեքստով սպառնաց ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը. «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից էի և եմ, ինձ հրաժարականով մի վախեցրեք»։

Քանի կար՝ հեղափոխությունն ուներ մեկ առաջնորդ, բայց գնալով նրանց թիվը մեծանում է։ Վարչապետ Փաշինյանը այս շանտաժը հանդուրժում է։ Այն նույն Փաշինյանը, որը խորհրդարանական 88-ի անձնագրերը վերցրել է, անձի և արժանապատվության ստորացման մաստերկլասներ է անում նրանց համար, այն նույն Փաշինյանը, որ բոլորին ծեփում, պառկացնում, դատում է։ Հիմա այդ նույն Փաշինյանը անզոր է իր կողմից նշանակված երեք պաշտոնյաների առաջ։ Ընդ որում՝ հենց ա´յն երեքի, որոնք ակնհայտորեն տապալել են իրենց ոլորտները, հասարակության մեջ դժգոհության մեծ ալիք բարձրացրել և որոնց ամեն օր ավելի պաշտոնավարումը մոտեցնում է իր՝ վարչապետի պաշտոնանկությունը։

Ամեն ինչ հուշում է այն մասին, որ այս երեքն ունեն ինչ-որ գաղտնիք, որով կարողանում են Փաշինյանին վերահսկողության տակ պահել։ Արսեն Թորոսյանը տապալեց համաճարակի դեմ պայքարը, տվեց հազարից ավելի մահ, առ այսօր ամեն օր տալիս է մահեր, տասնյակ հազարավոր մարդկանց թողեց առանց բուժօգնության, բայց շարունակում է վստահորեն պաշտոնավարել։

Արայիկ Հարությունյանը իրեն վստահված չորս ոլորտներում տապալել է ամենը, ինչը հնարավոր էր։ Չորս ոլորտ ամբողջապես թշնամացրել է իր դեմ, փողոցում ամեն օր իր հրաժարականի պահանջով ցույցեր են, բայց նա բացառում է իր պաշտոնանկությունը։
Կան փաստեր, որ Արայիկ Հարությունյանը ցուցադրական արհամարհում է վարչապետ Փաշինյանի հանձնարարականները. ուղղակի չի անում՝ արհամարհելով պաշտոնական գրագությամբ հանձնարարականները։

Ինչ վերաբերում է քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա նա լիովին մտել է իր տաղանդավոր «հայրենակից» Հաշեկի հերոսի կերպարի մեջ։ Համաճարակի հենց սկզբից, ասել է թե՝ առաջին փռշտոցից փախել էր, մայրաքաղաքը թողել առանց կառավարման, որևէ գործ քաղաքում չի արվում, բացի վիճահարույց և կասկածելի տենդերներից, բայց նա նույնպես անձեռնմխելի է։

Երեքի գաղտնիքը այսօրվա հայաստանյան իշխանությունների ամենահետաքրքիր առեղծվածներից է։ Այն, իհարկե, մի օր կհանրայնացվի, բայց ավերածությունների հետևանքները վերականգնելը լինելու է շատ դժվար։ Իսկ առայժմ մնում է միայն կռահել՝ ի՞նչ գիտեն նրանք, որ չգիտենք մենք։

Հ.Գ. Ասելիքս ավարտված էր, երբ վերջին պահին աչքովս ընկավ վարչապետ Փաշինյանի գրառումը։ Այդ գրառմամբ նա մեծ հաշվով բռնաբարում է պետականությունը։ Այն, որ նա վերջացած է որպես գործիչ և որպես մարդ, հասկանում են բոլորը, և որ դրա մեջ որոշակի լումա ունի Արայիկ Հարությունյանը, ակնհայտ է։ Փաշինյանի գրառման հանրային անմիջական արձագանքը հետևյալն էր. հսկ հուշագիր ստորագրելիս դա չգիտեի՞ր, խնդրանքներով դիմելիս դա չգիտեի՞ր։ Ընդ որում դա վերաբերում է կյանքի տարբեր փուլերին։ Բայց այս գրառումը է´լ ավելի է սրում մեր հարցադրումը՝ ի՞նչ լծակ ունի Արայիկ Հարությունյանը Փաշինյանի վրա, որ նա ինքնաոչնչացման գնով անգամ ատամներով պահում է Արայիկին, ի՞նչ է տեսել, ի՞նչ է լսել Արայիկը, որ Նիկոլին բռի մեջ է պահում։ Ի՞նչ են արել կամ ի՞նչ չեն արել։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»