Հուլիսյան գործողություններից հետո Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Դավիթ Տոնոյան

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան գործողություններից հետո Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են:

«Հուլիսյան գործողությունների՝ համեմատաբար դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: Հույս ունենք, որ մեր Զինված ուժերի համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու բանակցային գործընթացին»,-ասաց Տոնոյանն ու հավելեց, որ պատասխան գործողությունները համարժեք են:

Նախարարը նշեց. «Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ փորձելով չեզոքացնել հայկական կողմի դիրքապահների և դիրքերի գերակայությունը և առավելությունը: Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տեղեկացված է, մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, ունենք զոհ: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է, այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, քանի որ  համապատասխան գործողություններ են իրականացվելու»: