ԱԺ-ն ընդունեց հայրության հնգօրյա արձակուրդ սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր ընդունեց երեկ քննարկված նախագծերը: Այպիսով՝ ԱԺ-ն միաձայն ընդունեց Կառավարության ներկայացրած ««Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ և կից ներկայացված օրենքների փաթեթը՝ առաջին ընթերցմամբ: Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց՝ 118 ձայնով:

«Գործունեություն իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ևս անցավ միաձայն՝ 117 կողմ ձայնով:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը՝ 117 կողմ ձայնով: Քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը՝ երկրորդ ընթերցմամբ, որին կողմ քվեարկեց 119 պատգամավոր:

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը ընդունեց պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականի օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ 118 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: Իսկ «Լիցենզավորման մասին օրենքում» փոփոխություններ և կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկության ձայները բաշխվեցին 102 կողմ, դեմ՝ 16:

Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց, որին կողմ քվեարկեց 117 պատգամավոր:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 116 պատգամավոր, իսկ դեմ՝ մեկ պատգամավոր:

Նշենք, որ այս նախագիծը հայրության արձակուրդ սահմանելու մասին է, և այն ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Նախագիծը հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից:

Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Այսպիսով` սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և տարակարգերի: