Արցախում մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի սկզբին

Մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի սկզբին, սակայն չպետք է շտապել. այն պայմանավորված է նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ: «Արցախպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախադպրոցական կրթության մասին նոր օրենք են ներկայացնելու ԱՀ Ազգային ժողով:

«Այդ օրենքի համաձայն՝ մանկապարտեզների գործունեության պատկերները որակապես փոխվելու են, քանի որ այն, ինչ ունենք, չի գոհացնում լիազոր մարմնին: Ամեն բան պետք է փոխվի: Վերահսկողության դաշտ պետք է մտնեն նախադպրոցական այլընտրանքային բոլոր մոդելները,երեխաների զարգացման կենտրոնները: Նոր օրենքով այլընտրանքային բոլոր մոդելները լինելու են նախարարության վերահսկողության ներքո: Բոլոր այն կառույցները, որոնք աշխատելու են երեխայի մտքի և հոգու ձևավորման ուղղությամբ և մտնելու են երեխայի ֆիզիկական և հոգեբանական տարածք, պետք է լինեն լիազոր մարմնի խիստ վերահսկողության տակ»,- մասնավորապես ասել է Լ. Ղարախանյանը: