Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում. Արայիկ Հարությունյան

Պատգամավոր Արսեն  Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան անդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր է դնում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:

«Ուզում եմ արձանագրել՝անցած օրերին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներով առկա փաստերը  չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին և նրա հրաժարականի պահանջին, հարցապնդմամբ ԱԺ դիմելուն, նախարարն ասաց, որ հարցապնդման ժամանակ անպայման բոլոր հարցերին հատ-հատ կանդրադառնա: