Վրաստանում ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից ևս մի քանի փոփոխություն է մտել ուժի մեջ: Տեղեկացրել է Aliq.ge-ը:

Կրճատվել է կարանտինի ժամկետը

Այսօրվանից Վրաստանում կարանտինի ժամկետը կրճատվել է: Մասնավորապես, մինչ այս պահը կարանտինի տևողությունը 12 օր էր, այսօրվանից կլինի 8 օր: Համապատասխան որոշումը  միջգերատեսչական խորհուրդը կայացրել էր մի քանի օր առաջ:

Ուսումնական տարին խոշոր քաղաքներում մեկնարկել է հեռավար

Սեպտեմբերի 15-ին Վրաստանում մեկնարկել է 2020-21 ուսումնական տարին, որը, սակայն, մինչև հոկտեմբերի 1-ը հեռավար ռեժիմով է անցկացվելու Վրաստանի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Թբիլիսին, Քութաիսին, Ռուսթավին, Գորին, Զուգդիդին և Փոթին: Ըստ Վրաստանի կառավարության՝ դասասենյակներում ու լսարաններում ուսումնական գործընթացը կշարունակվի հոկտեմբերի 1-ից:

Օտարերկրացիներն առանց ՊՇՌ թեստ հանձնելու չեն կարողանա մուտք գործել Վրաստան

Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն առանց պայմանի բացել է սահմանը, այսօրվանից երկիր մուտք գործելու համար պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի արդյունքները: Այս որոշումը Վրաստանի կառավարությունը կայացրել է օրեր առաջ: Մասնավորապես, օտարերկրացիներն այսօրվանից  երկրի սահմանը հատելիս պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի արդյունքները: