ԱԺ-ը ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորներին

Ազգային ժողովը այսօրվա՝ սեպտեմբերի 15-ի նիստում Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:

Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Երվանդ Խունդկարյանին  կողմ է քվեարկել՝ 84-ը , դեմ՝ 2-ը , իսկ անվավեր  էին 2 քվեաթերթիկ:

Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել՝ 86-ը , դեմ՝ 1-ը, անվավեր էր 1 քվեաթերթիկ:

Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել՝ 85-ը , դեմ՝ 3-ը:

ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները բոյկոտել էին և չէին մասնակցում թեկնածուների քվեարկությանը:

Արդեն ընտրված դատավորներն իրենց լիազորությունը ստանձնում են ԱԺ-ում երդման պահից: Ինչպես տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նրանցից երկուսի մոտ այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կա: «Արդեն դատավորները պետք է դիմում գրեն՝ իրենց աշխատանքից դուրս գալու համար, որից հետո կկազմակերպենք երդման արարողությունն ԱԺ-ում»,-ասաց Միրզոյանը: