Հունաստանի նախագահ․ «Եթե ցանկանում ենք խաղաղություն, պիտի ավելի պատրաստ լինենք պատերազմի»

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն CNN-ի հետ զրույցում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնաժամի վերջին  իրադարձություններից և այդ համատեքստում պաշտոնական Աթենքի ձեռնարկած միջոցներից։

Լրագրողը, խոսելով վերջին զարգացումներից, Հունաստանի նախագահին հարց է ուղղել, թե իր վերջին այցն Էգեյան ծովի կղզիներից մեկը, յուրատեսակ ուղե՞րձ էր Թուրքիային, որպեսզի վերջինս վերջ տա իր գործողություններին այդ տարածքում։

Ի պատասխան՝ Հունաստանի նախագահը նշել է, որ իր կողմից կատարված այցը ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել, և այն պնդումները, թե այդ այցը «սադրիչ նպատակներ է ունեցել, անընդունելի են»:

Նա նաև նշել է, որ Հունաստանը լարվածությունը հարթելու համար կողմնակից է երկխոսությանը՝ հավելելով, որ Աթենքը սպառնալիքների ներքո երբեք չի գնա երկխոսության։

Թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե վերջերս ինչու է Հունաստանը Ֆրանսիայից ձեռք բերել «Rafale» տիպի ռազմական ինքնաթիռ, արդյո՞ք Թուրքիայից եկող սպառնալիքն է պատճառ  դարձել  նման տեխնիկայի ձեռքբերման համար, և արդյո՞ք դա ուղերձ է Թուրքիային։

Ի պատասխան՝ Սաքելարոպուլոն  ասել է․ «Դա ուղերձ է, բայց ոչ միայն Թուրքիային։ Եթե ցանկանում ենք խաղաղություն, պիտի ավելի պատրաստ  լինենք պատերազմի»։

Աղբյուրը` Ermenihaber.am