Ռուս հետախույզները Հայաստանում զորավարժությունների ժամանակ դեսանտային վարժանքներ են մշակել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հայ զինվորականների հետ երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժությունների ընթացքում պայմանական թշնամու թիկունքում դեսանտային վայրէջք են կատարել: Այս մասին գրում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատը Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից գրոհային վայրէջք է կատարել «Ալագյազ» ուսումնավարժարանի տարածքում: Հետախուզական տարածքում լիարժեք հանդերձանքով բազմակիլոմետրանոց երթն ավարտելուց հետո զինծառայողները բացահայտել են պայմանական թշնամու հիմնական ուժերի գտնվելու վայրը, փոխանցել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապը, գրոհել հրամանատարական կետը, առգրավել կարևոր փաստաթղթեր և պատանդներ վերցրել»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ տարհանման տարածք մուտք գործելիս հետախույզները հետ են մղել պայմանական թշնամու ստորաբաժանումների հարձակումը, իրականացրել վիրավորների տարհանումը` դրան հաջորդող առաջին բուժօգնությամբ:

Մամուլի ծառայությունից տեղեկացրել են նաև, որ երկկողմ զորավարժությունների ընթացքում հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողներն ու անօդաչու թռչող սարքերի հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական թշնամու հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերը:

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ: