Մենք Եգիպտոսի և արաբական աշխարհի հետ ունենք դարերի խորքից եկող հարաբերություններ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը Եգիպտոսի հետ ունի դարերի խորքից եկող հարաբերություններ: Պատմության տարբեր ժամանակահատվածներում և այսօր նույնպես հայերը եղել և շարունակում են լինել Եգիպտոսի և նրա քաղաքակրթության, Մերձավոր Արևելքի անբաժան մասնիկը: Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով պաշտոնական այցով Եգիպտոսում է:

«Սա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցն է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, և ուրախ եմ, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը:  Մեր երկրների միջև հարաբերությունները չեն կարող գնահատվել բացառապես այս 28 տարիների տեսանկյունից: Մենք Եգիպտոսի և արաբական աշխարհի հետ ունենք դարերի խորքից եկող հարաբերություններ: Դրանք մեր ժողովուրդների միջև վստահության և բարեկամության հարաբերություններ են: Պատմության տարբեր ժամանակահատվածներում և այսօր նույնպես հայերը եղել և շարունակում են լինել Եգիպտոսի և նրա քաղաքակրթության, Մերձավոր Արևելքի անբաժան մասնիկը: Մեր պատմության դժվարին փուլում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափից մազապուրծ եղած հազարավոր հայերի»,- ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ հայերը կարևոր ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման գործում. «Մենք շատ հպարտ ենք դրանով: Իմ հայրենակիցներին ընձեռված են բոլոր հնարավորությունները` պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Նրանք Եգիպտոսի հպարտ քաղաքացիներ են, որոնց ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ պահպանելու և դրսևորելու իրենց ազգային ինքնությունը՝ որպես հայեր: Անշուշտ, մենք խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին այս ջանքերի և մեր ժողովրդին պաշտպանելու համար: Մոտ տասը հազար ներկայացուցիչ ունեցող հայ համայնքը, անշուշտ, մեր ժողովուրդների միջև, հիրավի, խորը արմատներ ունեցող բարեկամության կամուրջ է»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ Եգիպտոսի հետ ՀՀ-ն ունի ամուր բարեկամական և շատ գործնական հարաբերություններ, և այս այցը նաև լավ հնարավորություն է` ի ցույց դնելու և գնահատելու հարաբերությունների ներկայիս վիճակը: «Միաժամանակ մենք ունենք խաղաղության, անվտանգության և զարգացման նույնական շահեր: Եվ մենք գիտենք, որ լավագույն արդյունքների ենք հասել՝ միասին աշխատելով և միմյանց հետ սերտորեն համագործակցելով: Մենք շատ լավ քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի շուրջ և այստեղ ունենք լավ և հետաքրքիր ներուժ. մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Ունենք ամուր քաղաքական երկխոսություն Եգիպտոսի հետ, առևտրատնտեսական և մշակութային կապեր մեր երկրների միջև: Եվ համակարծիք ենք, որ ՏՏ, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, դեղագործության, զբոսաշրջության և կրթության բնագավառներում ունենք հետաքրքիր ներուժ` համագործակցության հետագա ընդլայնման համար: Այդ ուղղությամբ աշխատանքներն, անշուշտ, շարունակվելու են»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ դրա համար կան համապատասխան հարթակներ. կա քաղաքական խորհրդակցությունների հարթակը, Միջկառավարական հանձնաժողովը, և, իհարկե, երկխոսությունը երկու ղեկավարների միջև: «Սպասում ենք Եգիպտոսի նախագահին Հայաստանում հյուրընկալելու հնարավորությանը, և ես անձամբ սպասում եմ իմ լավ ընկերոջը` Սամեհին, Հայաստանում: Նախագահի այցը, որը մենք նախատեսում ենք և ակնկալում ենք սերտորեն աշխատել այդ ուղղությամբ, մտապահված կարևոր ելակետ է՝ համապարփակեցնելու երկկողմ համագործակցության բոլոր այդ կարևոր հարցերը»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ երկկողմ համագործակցության համատեքստում նաև արժևորում են Եգիպտոսի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ սերտորեն համագործակցելու հարցում: Շարունակվում են բանակցություններն ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ, և Հայաստանը շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու մեջ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի: Մնացականյանը նշել է, որ ՀՀ-ն սերտ համագործակցելու է Եգիպտոսի և ԵԱՏՄ գործընկերների հետ` այդ նպատակին հասնելու համար:

Մնացականյանը հայտնել է, որ Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ բավականին ծավալուն քննարկում են ունեցել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ: «Մտքեր փոխանակեցինք մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ: Եվ մենք տեսնում ենք, որ այսօր առավել քան երբևէ այդ զարգացումներն ընդգծում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը: Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության  մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով:

Ուշադրությամբ հետևում ենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին, և մեր համերաշխությունն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն ձև ցանկանում եմ ընդգծել նաև մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին:

Ազդեցության տարածման շրջանակներում այլ տարածաշրջաններ անկայունություն և լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է՝ լինի դա Հյուսիսային Աֆրիկայում, թե Հարավային Կովկասում: Անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: