Ռուսաստանի հրթիռային գնացքները` ԱՄՆ-ի գլխացավանք

Չինական «Sina» ինտերնետային գործակալությունը վերջերս նյութ է հրապարակել, որում անդրադարձել է «Արևմուտքի հնարավոր սխալին» և Ռուսաստանի նախապատրաստման հարցին, այսինքն` աշխարհում ռազմավարական իրավիճակի ինչ-որ ֆորս-մաժորային փոփոխությանը: Գնահատելով կողմերի հնարավորությունները (Արևմուտք և Ռուսաստան)՝ չինացիները հիշել են «Բարգուզին» ռուսական ռազմական երկաթուղային հրթիռային համակարգի (ՌԵՀՀ) մասին: Հայաստանի բոլոր քաղաքացիներին օգտակար կլինի պարզել, թե ինչից են, փաստորեն, վախենում ոչ միայն Արևմուտքի, այլև Չինաստանի զինվորականները:

«Բարգուզին» ՌԵՀՀ գրեթե անորսալի է և կարող է տեղադրվել սովորական բեռնատար գնացքում, ինչը նշանակում է, որ այն կարող է գործարկվել գծի ցանկացած հատվածից: Ինչպես գրում է «Sina»ն՝ «Բարգուզինի» մարտական ​​ուժը ամերիկյան զինված ուժերում սարսափ և կամքի կաթված է առաջացնում: Ռուսական ռազմավարական հրթիռային ուժերը կարող են «Բարգուզին» ՌԵՀՀ ընդունել իրենց սպառազինությունների զինանոցը առաջիկա 3-5 տարիների ընթացքում:

«Բարգուզին»-ն իրավամբ համարվում է մահաբեր զենք, քանի որ այն կրում է երեք միջմայրցամաքային հրթիռային համակարգեր, որոնք հագեցած են միջուկային մարտագլխիկներով (մինչև 30 հատ տարողունակությամբ) և սարքավորումների մի ամբողջ շարք, ինչպիսիք են հրամանատարական կետը և կապի համակարգը: ՌԵՀՀ-ը հատուկ մշակված գնացք է, որի վագոններում տեղադրվում են ռազմավարական հրթիռներ, ինչպես նաև հրամանատարական կետեր, տեխնոլոգիական և տեխնիկական համակարգեր, անվտանգության սարքավորումներ, անձնակազմ, որոնք ապահովում են համալիրի և դրա կենսապահովման համակարգերի աշխատանքը:

Քանի որ արտաքինից այն ոչնչով չի տարբերվում սովորական գնացքից, «Բարգուզին»-ը հեշտությամբ աննկատ է մնում թշնամու համար: Բացի այդ, այս հրթիռային համակարգի գործարկման արագությունը շատ բարձր է, և այն կարող է մի քանի րոպեում ավարտել առաջադրանքը: Համեմատած այլ հրթիռային համակարգերի հետ, ՌԵՀՀ-ի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն շատ շարժունակ է և պարզ՝ տեղափոխման տեսանկյունից: Չնայած շատ երկրներ արդեն օգտագործում են շարժական ցամաքային հրթիռային համակարգեր, և Ռուսաստանը բացառություն չէ, հրթիռային մեքենաների կրողունակությունն այնքան բարձր չէ, որքան գնացքներինը: Նախկինում Ռուսաստանն օգտագործում էր «Մոլոդեց» ՌԵՀՀ-ը, բայց այս համակարգը, որը մշակվել էր դեռ Խորհրդային Միությունում, ի վերջո ճանաչվել է հնացած, իսկ 2005-ին հանվել ծառայությունից:

«Բարգուզին»-ը իսկապես շատ կարևոր համակարգ է Ռուսաստանի համար, ընդգծում է «Sina»-ն: Հրթիռային համակարգերի հետազոտման և մշակման ոլորտում Ռուսաստանը միշտ առաջ է անցել այլ երկրներից, ինչը նաև մեծապես պայմանավորված է դրա զարգացման առաջնահերթությամբ: Այնուամենայնիվ, ֆինանսավորման խնդիրների պատճառով 2017 թ. այս նախագծի ուսումնասիրությունն ու մշակումն ընդհատվել է, ինչը շատ ափսոսանքներ է առաջացրել, քանի որ շատ պետություններ անհամբեր սպասում էին այս հրթիռային համակարգի հայտնվելուն: «Բայց հիմա այս նախագիծը կրկին կմեկնարկի: Ռուսաստանի սեփական հսկայական տարածքը շատ հարմար է այս տեսակի հրթիռային գնացքների ստեղծման համար, ինչը նույնպես գլխացավանք է ԱՄՆ-ի համար»,- նշում են չինացի հեղինակները:

Ավելի վաղ Ռազմավարական հրթիռային ուժերի գլխավոր շտաբը նշել էր, որ «Բարգուզինի» ստեղծումը, որը սկսվել է 2014 թ., Ռուսաստանի պատասխանն է ամերիկացիների կողմից համաշխարհային հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը: Ըստ բաց աղբյուրների, մեկ ՌԵՀՀ- ն կարող է կրել վեց «Յարս» կամ «Յարս-Մ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Ենթադրվում է, որ «Բարգուզին»-ի բաժանարար հանդերձանքը ունի հինգ գունդ: Նախատեսվում էր համալիրը շահագործման հանձնել 2019-2020 թվականներին: Ռազմավարական հրթիռային ուժերն ակնկալում են, որ նոր համալիրները ծառայության մեջ կմնան առնվազն մինչև 2040 թվականը: Եվ ահա` չինական «Sina» ինտերնետային գործակալությունում հատուկ հրապարակումը: Աշխարհն արդեն գիտի, թե ինչպես են չինացիները զգայուն մեր մոլորակի իրավիճակի փոքր փոփոխությունների նկատմամբ: Բերենք մի օրինակ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանում գերձայնային զենքի առկայության մասին հայտարարությունից դեռ մեկ-երկու տարի առաջ չինական կայքերից մեկը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հրթիռային ոլորտում շուտով այնքան են հետ մնալու Ռուսաստանից ու Չինաստանից, որ աշխարհում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը սկսելու է փոխվել: Եվ 2018-ից հետո, երբ ԱՄՆ-ն ընդունել է, որ գերձայնային զենքի հարցում արդեն իսկ զիջում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Չինաստանին, համաշխարհային հանրությունը համոզվել է, որ չինացիները արագ են տեղեկանում ռուսական զենքի արտադրության նորարարությունների մասին:

Սերգեյ Շաքարյանց