Եվրոպան և ԱՄՆ-ը հետաքրքրված են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից առաջարկներ է ստանում կորոնավիրուսի դեմ պատրաստուկի՝ «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ բրազիլական Folha de S. Paulo թերթին տված հարցազրույցում:

«Հիմա Եվրոպայից և Միացյալ Նահանգներից մարդիկ մեզ են դիմում պատվաստանյութերի արտադրության համար գործընկերություն ստեղծելու առաջարկով: Նրանք վերջապես հասկանում են, թե ինչով է տարբերվում մեր պատվաստանյութը»,- նրա խոսքերը մեջբերում է հրատարակությունը: Նրա կարծիքով, Արևմուտքում արշավ է սկսվել ռուսական դեղամիջոցի իմիջը խաթարելու համար: «Եվ ոչ ոք չի խոսում այն ​​մասին, թե որքանով են վտանգավոր մյուս պատվաստանյութերը»,- ասել նա:

Դմիտրիևը հստակեցրել է, որ ռուսական դեղամիջոցի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «մասնավոր ընկերություններն ու ներդրումային ֆոնդերը»: «Դեռ ավելին չեմ կարող ասել, բայց առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կարող են լինել հայտարարություններ», – ասել է Կիրիլ Դմիտրիևը:

50 միլիոն դեղաչափ Բրազիլիային

Բրազիլիան մինչև մարտ կստանա կորոնավիրուսի դեմ 50 միլիոն դեղաչափ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, և այդ ծավալը հնարավոր է կրկնապատկվի, ասել է Դմիտրիևը:

«Մենք կկարողանանք սկսել արտադրել և մատակարարել Բրազիլիային առաջին չափաբաժինները արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, փոքր քանակությամբ: Հունվարին, փետրվարին արդեն ավելին կմատակարարվի: Մարտին՝ 50 միլիոն դեղաչափ, և գուցե նույնիսկ 100 միլիոն, ինչը կբավարարի Բրազիլիայի բնակչության կեսին»,- մեջբերում է հրատարակությունը: Նրա խոսքով, Բրազիլիան հիմնադրամի ռազմավարական գործընկերն է, քանի որ այն ունի արտադրական օբյեկտներ, որոնք թույլ կտան ռուսական դեղամիջոցը մատակարարել Լատինական Ամերիկայի ամբողջ տարածաշրջանին: