Հանրային հեռուստաընկերության լրատվականը չի ներկայացնում կրթության նախարարի հրաժարականի պահանջով տեղի ունեցող գործընթացները․ «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության լրատվականն այս անգամ էլ չի հայտնել, որ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում ներկայացնելու է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում առաջարկելու են ընդունել որոշում, որպեսզի վարչապետը քննարկի Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Խմբակցությունն արդեն անվստահություն է հայտնել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին։ Նկատում ենք, որ լրատվականը պարբերաբար շրջանցում է այս թեման, մինչդեռ հանրային պահանջն այս հարցով չի դադարում: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման գործելաոճը. իրադարձությունները ներկայացվում են ընտրովի`իշխանություններին հաճոյանալու սկզբունքով, լրագրողական նորմերը խախտվում են: Հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել հանրային հնչեղություն ստացած խնդիրները: ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցն օրակարգում առաջնայիններից է: