Շվեդները վախենում են, որ հակամարտության դեպքում Ռուսաստանի պատասխան հարվածը կանդրադառնա Շվեդիայի վրա

Խաղաղ, չեզոք, բարեկեցիկ և նույնիսկ Covid-19 կորոնավիրուսից նվազագույնը խուճապի մեջ ընկած Շվեդիայում իրական խուճապ է տարածվում: Սեպտեմբերի 8-ին շվեդական «Nyhetsbanken» առցանց պորտալը գրել է, որ Արկտիկային վերաբերվող ԱՄՆ նոր ռազմավարությունն ընդգրկում է Շվեդիայի տարածքի մեծ մասը: ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ի երկրների հետ միասին, ավելի ու ավելի ագրեսիվ վարժանքներ է անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ, Շվեդիան վերածելով Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման վիրտուալ ցատկահարթակի: Այն բանից հետո, երբ Շվեդիան 2014թ-ին համաձայնագիր է ստորագրել, ըստ որի զորավարժությունների ընթացքում պետք է ընդունի ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը, սկսվել է դեպի Ռուսաստան իրավիճակի սրումը: Հաշվի առնելով այն փաստը, որ Ստոկհոլմը ամերիկացիներից գնել է իրենց հնացած «Patriot» հակահրթիռային համակարգը, Վաշինգտոնը սկսել է ուղղակիորեն ազդել Շվեդիայի հակաօդային պաշտպանության վրա, քանի որ նախագիծը ենթադրում է, որ Պենտագոնի ռազմական անձնակազմը պետք է ներկա լինի Շվեդիայում, հիշեցնում է պորտալը: «Մայիսին Շվեդիայի ռազմաօդային ուժերը Միացյալ Նահանգների հետ մասնակցել են զորավարժությունների և թույլ տվել ամերիկյան B1B Lancer ռմբակոծիչը, որը ունակ է նաև միջուկային զենք կրել, ճշգրիտ ռմբակոծություն իրականացնել Վէներն լճի օդային տարածքի գլխավերևում: Իսկ օգոստոսի 29-ին Պաշտպանության նախարար Փիթեր Հուլթկվիստը Միացյալ Նահանգներին հրավիրել է մասնակցել Հյուսիսային Կալոտտի գլխավերևում գրեթե ամենշաբաթյա օդային զորավարժություններին, որոնք Շվեդիան սովորաբար անցկացնում է Նորվեգիայի և Ֆինլանդիայի հետ», – ասվում է հոդվածում:

Շվեդները գրում են նաև, որ «քանի որ Միացյալ Նահանգները երբեք չեն տեղեկացնում, թե արդյոք իրենց ինքնաթիռներում և նավերում միջուկային զենք կա, ապա, հնարավոր է, որ Շվեդիայում այն արդեն առկա է»: Հուլթկվիստը պնդում է, որ այս ամենը «շրջակա աշխարհին» ուղղղված ազդանշաններ են՝ ակնարկելով, իհարկե, Ռուսաստանը: Իսկ ինչպե՞ս են ռուսները մեկնաբանում այդ ազդակները: Բնականաբար, նրանք տեսնում են, որ Շվեդիան վերածվում է հակառուսական ցատկահարթակի՝ Ռուսաստանի վրա հարձակման համար: Եթե ​​ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակասություն լինի, ռուսները համարելու են, որ գործնականում Շվեդիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում: Հուլթկվիստի քաղաքականությունը նպաստում է նրան, որ ապագայում Շվեդիան կարող է ռազմական գործողությունների վայր դառնալ», – ասվում է հրապարակման մեջ: ԱՄՆ-ն ակնհայտորեն վարում է Ռուսաստանը շրջապատելու քաղաքականություն: ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի է մոտենում Ռուսաստանի սահմաններին և մոտակայքում անընդհատ տարբեր զորավարժություններ է անցկացնում: Այս շաբաթ B-52H ռազմավարական միջուկային ռմբակոծիչները թռչում էին ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների գլխավերևում` սոլիդարություն արտահայտելու համար, մեկնաբանում է պորտալը՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի երկրները «հաջողությամբ վարժանքներ են իրականացնում ոչ միայն Հյուսիսում և Արևելքում, այլև շատ են կարևորում Սևծովյան տարածաշրջանը»՝ այդ ռազմական գործողություններում ներգրավելով Շվեդիային:

«Ամերիկյան ծանր ռմբակոծիչների թռիչքները ամերիկյան միջուկային եռյակի հիմնարար գործողություններից են, և այն, որ դրանք տեղի են ունենում Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ, վկայում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ավելի ու ավելի ակնհայտ խաղի մասին: Եվ խաղն աներևակայելի վտանգավոր է. ավելի քան երեսուն տարի առաջ այն, հավանաբար, կդիտարկվեր որպես դեպի միջուկային համաշխարհային պատերազմ տանող սցենարի մաս», – գրում է «Nyhetsbanken»-ը: Այսպիսով, օրերս ամերիկյան երեք ծանր B-52H ռմբակոծիչներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հագեցած լինել այն քանակի միջուկային մարտագլխիկներով հրթիռներով և ռումբերով, որ  կարելի է ոչնչացնել Ֆրանսիայի չափ երկրի կեսը, մոտենում էին Ղրիմին՝ փորձելու ռուսական հակաօդային պաշտպանությունը ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա: «Ինչպես հաղորդվում էր՝ ռուսական ՄիԳ-31-ը օրերս Բարենցի ծովի ափին որսացել է բրիտանական կործանիչը՝ ամերիկյան B-52H ինքնաթիռների հզորության այս վերջին ցուցադրությունից անմիջապես հետո: Դատաստանի օրվա ժամացույցի սլաքը ևս մի քանի րոպե առաջ է շարժվել: Արդյո՞ք սա է խաղի կուլմինացիոն գագաթնակետը: Մոսկվայի հետ նման խաղերն անկանխատեսելի են և վտանգավոր», – ամփոփելով հիշեցնում է շվեդական «Nyhetsbanken» պորտալը:

Շվեդների վախերը հասկանալի են. եթե ԱՄՆ-ը պետք է «պատասխան տա» Արկտիկայում Պենտագոնի և ՆԱՏՕ-ի ակտիվ գործունեությանը, ԱՄՆ-ին պատասխանելու անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը հարվածելու է (չի բացառվում՝ նաև միջուկային զենքով) ցանկացած երկրին, որի տարածքը կօգտագործվի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Եվ բացարձակ տարբերություն չկա՝ դա կլինի ՆԱՏՕ-ի անդամ, օրինակ՝ Նորվեգիան, թե ՆԱՏՕ-ի ոչ անդամ Շվեդիան կամ ՆԱՏՕ-ի հետ համագործակցող որոշ այլ երկրներ: Ի դեպ, դա վերաբերում է նաև ոչ արկտիկական երկրներին, որոնք սողում են «Հյուսիսատլանտյան դաշինքի գիրկը»՝ Ուկրաինային, Վրաստանին և այլն:

Սերգեյ Շաքարյանց