Արդյո՞ք ՀՀ անվտանգային միջավայրը լիարժեք ուսումնասիրված է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ (մաս 3-րդ)

Շարունակելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերլուծությունը՝ հարկ է կանգ առնել Հայաստանի անվտանգային միջավայրի նկարագրության վրա: Հարավկովկասյան տարածաշրջանի և հատկապես Հայաստանի անվտանգային միջավայրի առկա, և կանխատեսվող սպառնալիքների նկարագարման փորձ, իհարկե, փաստաթուղթն արել է, բայց իմ կարծիքով թերի ու չդասակարգված: 2.3; 2.4; 2.7; 2.8; 2.11; 2.13 կետերում փորձ է արվել ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի հիմնական սպառնալիքների ցանկը սահմանափակել միայն Թուրքիայով ու Ադրբեջանով: Սա կարծում եմ կիսատ մոտեցում է:

  1. Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում, և հատկապես Հայաստանի անվտանգային միջավայրի համար լրջագույն սպառնալիք կարող է հանդիսանալ Իրան-արևմուտք(ԱՄՆ) հարաբերությունների սրումն ու էսկալացիան: Չգիտես ինչու, մոռացել են նշել, որ ՀՀ անվտանգային միջավայրի վրա ուղղակի սպառնալիք է, եթե ՌԴ-ի՝ որպես հիմնական ռազմավարական դաշնակցի, արտաքին կամ ներքին քաղաքական կյանքում տեղի ունենան վտանգավոր զարգացումներ: Թավշյա իշխանությունը մոռացել է նշել նաև, որ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման դեմ տարվող ներքին և արտաքին քարոզչությունն ու քաղաքական ազդեցություններն բացասական անդրադարձ են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: Ստացվել է, որ ռազմավարության գրողները սեփական երկրի անվտանգային միջավայրի սպառնալիքների մի կեսը տեսնում են, իսկ մյուս կեսը չեն ցանկացել տեսնել:
  2. Իշխանությունների երևակայությունն այնքան է խառնվել, որ օրինակ` այսպես կոչված քրեական ենթամշակույթը համարել են անվտանգային միջավայրի սպառնալիք, և մոռացել այն հանգամանքը, որ դեպի ծով ելք չունենալով, երկու փակ սահմաններով Հայաստանը` խիստ մեծ մարտահրավերի առջև կկանգնի, եթե գեոքաղաքական կամ այլ պատճառներով խափանվի հայ-իրանական, կամ հայ-վրացական ցամաքային հաղորդակցությունը: Մոռացության է մատնվել նաև օդային հաղորդակցության պրոբլեմը: Այն, որ ՀՀ ավիափոխադրողների թռիչքներն արդեն ոչ միայն եվրոպական, այլ նաև մի շարք այլ օդային տարածքներով էլ են արգելվելու` ըստ իրենց, երևի սովորական ընթացիկ պրոբլեմ է: Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում նման կերպ վարվել քո երկրի ռեզիդենտը համարվող ավիաընկերությունների հետ` ուղղակի անթույլատրելի է:
  3. Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մեզ համար արտաքին անվտանգային միջավայրի նկատմամբ անուղղակի սպառնալիք է նաև այն հանգամանքը, որ շատ երկրներ դեռ չեն ճանաչել և դատապարտել հայոց Ցեղասպանությունը: Նրանց թվում են նաև մեր բարեկամ մի շարք երկրներ, որոնք շարունակում են խուսանավել հայոց ցեղասպանությունը ճանաչելուց` դրանով հնարավորություն տալով Թուրքիային շարունակել ժխտողականության քաղաքականությունը և նոր սպառնալիքները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Ցեղասպանության ժխտողականությունն ու համաշխարհային անտարբերությունը ևս ավելացնում են ՀՀ անվտանգային միջավայրի սպառնալիքները:
  4. Հայաստանի անվտանգային միջավայրի ապահովման կարևոր հանգամանքներից մեկն էլ հայկական սփյուռքն է: Չգիտես ինչու, նոր ռազմավարությունը չի նշում այն հանգամանքը, որ հայկական սփյուռքի թուլացումը, ուծացումը, հայապահպանության վիճակի վատացումը բացասական անդրադարձ է ունենալու նաև ՀՀ անվտանգային միջավայրի վրա: Հիմա շատերը կասեն, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Բայց այդ նույն ասողներն էլ ուրախութունից իրենց կորցնում են, երբ Հայաստանի կամ Արցախի սահմանների դեմ ոտնձգություններում հայկական Սփյուռքն անմիջապես սկսում է գործնական, քաղաքական, տեղեկատվական, տնտեսական միջոցներ ձեռնարկելու հարցում կարևոր գործոն հանդիսանալ:

Շարունակելի…

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Արդյո՞ք ՀՀ անվտանգային միջավայրը լիարժեք ուսումնասիրված էՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս…

Опубликовано Արտակ Զաքարյան Artak Zakaryan Среда, 9 сентября 2020 г.