Ի՞նչ սահմանափակումներ են գործելու տոնական և հիշատակի միջոցառումների համար

ՀՀ տարածքում, ինչպես արդեն հայտնել ենք, 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին է սահմանվել: Ըստ այդ որոշման՝ հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով.

1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ՝ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ,

2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ,

3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:

Սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: