Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը կարևոր է, բայց սպառնալիքներ չեն հանդուրժի

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ եթե Թուրքիան վիճելի տարածքներից նավերը դուրս չբերի, Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի հանդեպ։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների շուրջ լարվածությունը շարունակվում է պահպանվել։

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը կարիք ունի երկխոսության, բայց դա չի կարող լինել զենքի ուժի սպառնալիքով։

«Եթե կա ինչ-որ բան, որը սպառնում է իմ երկրի անվտանգությանն ու առաջընթացին, ապա այն սպառնում է նաև ամբողջ Եվրամիության անվտանգությանն ու առաջընթացին։ Եթե Եվրոպան ցանկանում է իրականում ցույց տալ իր աշխարհաքաղաքական հզորությունը, ագրեսիվ Թուրքիայի առջև զիջողականություն չպետք է ցուցաբերի»։

Ըստ Միցոտակիսի հայտարարության՝ Թուրքիան դեռ ժամանակ ունի հետքայլ անելու և պատժամիջոցներից խուսափելու համար։