ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում. ՀՀ ոստիկանություն

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ նշված երկրի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը՝ նրանց նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։

Ոստիկանությունից հայտնում են, որ 11.09.2020 թ. դրությամբ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում։

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին և համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք և Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ։