Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր են բացահայտվել․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ը, նախնական համաձայնության գալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի հետ, խախտելով ՀՀ կառավարության 28.08.2008 թվականի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին 1101-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Նվազագույն պահանջներ ԱԳԼՃԿ-ների կառուցման վերաբերյալ» գլխի 12-19 կետերի պահանջները, չունենալով ավտոգազալցաճնշակայան կառուցելու շինարարական թույլտվություն՝ սեփականության իրավունքով  իրեն  պատկանող  Չարենցավան քաղաքի Եսայան 8 և 10 հասցեներում կառուցել է ստացիոնար  ավտոգազալցաճնշակայան: Այս մասին հայտնել են ԱԱԾ-ից։

Այնուհետև, 2014 թվականից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում  իրականացրել է սեղմված բնական գազի վաճառք: «Դրայվ-2014» ՍՊ ընկերությանը պատկանող  գազալցակայանը հաշվառված է եղել արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղակայված գազաբալոնների համար և չունենալով սեփական ճնշակ՝ սեղմված գազը ստացել է ավտոգազալցման ճնշակների արտադրությամբ զբաղվող իր հարևանությամբ գործող «Եղիցի լույս» ՍՊ ընկերության տարածքում  գտնվող արտադրական փորձարկում անցնող  ճնշակներից: