Ադրբեջանի ՊՆ-ը պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած զինվորականներին. Ռազմ.info

Օգոստոսի 23-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողների զորամասում 1 սերժանտ, 4 պայմանագրային զինծառայող հեռացվել են բանակի շարքերից, զորամասի ու դասակի հրամանատարներին զրկել են կոչումից, ընդհանուր առմամբ պատժել են 14 զինվորականի։ Պատճառը զինվորականների՝ հայ սպային գերեվարելուց հետո դեպքը նկարահանելն ու հրապարակելն է։ Գրել է Ռազմ.info կայքը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։ Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութը համացանցում տարածվել էր նրա մոլորվելու օրը՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից մեկ ժամ անց։

Ադրբեջանական «Virtual Azərbaycan» լրատվականը փորձել է պաշտպանության նախարարությունից ճշտել այս լուրը, ինչին ի պատասխան ՊՆ մամուլի ծառայությունից նշել են, թե պարզապես գոյություն ունեցող տեսագրությունները (ոչ՝ իրենց նկարածը) ծանոթ-բարեկամներին ուղարկող որոշ զինվորականներ հեռացվել են։ Այդպիսով՝ Ադրբեջանի ՊՆ-ը հաստատում է տարածված նյութերի պատճառով զինվորականներ հեռացնելու փաստը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է Գուրգեն Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսանտ, այդ նպատակով օգոստոսի 24-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն Ալավերդյանի լուսանկարի հետ միասին հրապարակել էր նաև իբրև թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց: Սակայն գերեվարման օրը սոցցանցերում վերոհիշյալ զինվորականների տարածած տեսագրությունում Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի է, ինչն ակնհայտորեն մատնում է ադրբեջանական բեմադրությունը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել էր, թե «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում «շատ հեռու չէր գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈՒ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

Նշենք նաև, ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։