Մատթեոս գրի առավ Տիրոջ խոսքերը եբրայերենով և արամերենով

ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԸ

Ըստ չորրորդ դարու Ս. Եկեղեցու հեղինակաւոր պատմագիր Եւսեբիոսի, Պապիաս Հիերոպոլսեցի եպիսկոպոսը երկրորդ դարում, մտ. 125 թուականին գրել է թէ. «Մարկոս գրի առաւ Պետրոսի յուշերը» իսկ «Մատթէոս գրի առաւ Տիրոջ խօսքերը (λόγια) եբրայերէնով եւ արամերէնով իսկ ուրիշներ զայն թարգմանեցին իրենց կարողութեան չափով»։

Այս բնագրով յունարէն λόγια «լոգիա» բառը բնականաբար նկատի ունի աւետարանը, բայց մենք արամերէն կամ եբրայերէն այդ բնագիրը չունենք այսօր, այլ միայն յունարէն գրեալը, ուր ոչ մի տեղ չի գրուել թէ Մատթէոս առաքեալն է հեղինակը, ինչպէս նաեւ գրեալ յունարէնը եբրայերէնէ թարգմանուածի գրելաձեւ չունի, այլ գրուել է յունարէն բնագրով, ուր կը տեսնենք լաւատեղեակութիւնը եւ ուժեղ կապը հրէական աստուածաշնչին, աւանդութիւններին եւ դաւանութեան։

Փոքրաթիւ դպրագէտներ փափաքում են տեսնել Մատթէոսի առաջին գրուածքը որպէս աղբիւր Մարկոսի, Ղուկասի ու հաւանաբար Յովհաննէսի աւետարանին։ Սակայն դպրագէտների մեծագոյն մասը հաստատում է թէ Մատթէոսի աւետարանն է որ հիմնւում է Մարկոսի աւետարանի վրայ որպէս աղբիւր, ուր Մարկոսի աւետարանի գրուածքների 90 տոկոսը կայ Մատթէոսի աւետարանի մէջ, ինչպէս նաեւ ենթադրական գլխաւոր հնագոյն գրեալ եւ անգոյ աղբիւրը որ կոչւում է «Q», յապաւումը գերմաներէն Quelle բառին, որ նշանակում է «աղբիւր»։ Այս ենթադրեալ գրուածքը ունէր աւետարանների առաջին գրուածքները, ինչպէս երանիները (5։3-12, Ղուկ.6։20-23) եւ Տէրունական աղօթքը (6։9-13, Ղուկ.11։2-4) որոնք բացակայում են Մարկոսի աւետարանում։

Մատթէոսի աւետարանի մասնակի կախուածութիւնը Մարկոսի եւ աւելի հին աղբիւրների վրայ թոյլ են տալիս հաստատել որ գիրքը գրուել է Մարկոսի աւետարանից, մօտս. 70 թուականից յետոյ։ Գրքում անուղղակի յիշատակւում է Տաճարի կործանումը (12։6, 22։7, 23։38), որոնք Մարկոսում չկան։ Մատթէոսի աւետարանին հնագոյն նշումը գալիս է Իգնատիոս անտիոքացի հայրապետի «Նամակ Ֆիլադելֆիացիներին» գրութիւնից, գրուած մտ. 110 թ., ու նա ակնարկներ է անում աւետարանի խօսքերին, որն գրուել է հաւանաբար 80-90 թուականների միջեւ, եւ դա չեղարկում է Մատթէոս առաքեալը որպէս հեղինակ, որն նահատակուել էր աւելի վաղ։

Աւետարանը գրուել է շատ հաւանաբար Անտիոքում ուր հաւաքուած էին Պաղեստինից մեծ թիւով աշակերտներ (Գործք. 11։19, 27)։ Իգնատիոս հայրապետ նաեւ գրում է այդ մասին (Նամակ Զմիւռնացիներին 1։1 եւ Նամակ Պօղիկարպոսին 1։2,3)։ Նաեւ Մատթէոսի աւետարանը միակն է ուր յիշատակւում է Ասորիքում (Սիրիա) Յիսուսի մասին (4։24)։

Մատթէոսի աւետարանը նաեւ միակ աւետարանն է ուր յիշատակւում է «ԵԿԵՂԵՑԻ» բառը (16։18), ուր Յիսուսի հաւատացեալները թիւ կը կազմէին (Գործք. 11։19-27, 13։1, 14։22-23, Գաղ. 2։11)։ Պետրոս առաքեալ կապ ունէր այդ քաղաքին ու այս աւետարանին հետ, ինչպէս նաեւ հետեւողական կապը Իգնատիոսի հետ որ նոյն քաղաքից էր, ու նրա յետագայ եպիսկոպոսը։ Աւետարանը կարող է որ նաեւ գրուած լինի Գալիլիայում, նկատի ունենալով կապը, 4։12, 21։11, 26։32, 28։10)։

Պատմութեան մէջ իր շատ յիշատակումների եւ խօսքերի սիրուած լինելու, ինչպէս նաեւ հրեաներին գրուած լինելու հանգամանքով այս աւետարանը գրաւում է առաջին տեղը Նոր Կտակարանի շարքում։ Երկրորդ դարի որեւէ՛ քրիստոնայ նորադարձ որ կարդար այս աւետարանը, զայն կը նկատէր որպէս Եկեղեցու իր անդամ լինելու տեղեկագիրքը (հմմտ., Մատթ. 18։15-20)։

Այս ժամանակին Եկեղեցին ու Սինագոգը վերջնական բաժանման ճանապարհին էին, եւ աւետարանի սկզբում գրուած նահապետական ազգաբանութիւնը հրեաներին ցոյց էր տալիս, որ Քրիստոս խոստացուած մեսիան էր եւ շարունակութիւնը Հին կտակարանին, ռաբբինական ա՛յն ամբաստանութիւններին դէմ, որն հետագայում տեղ գտաւ Թալմուտում Յիսուսի դէմ։ Գիրքը գրուել է հրեայ քրիստոնեաների եւ հեթանոս քրիստոնեաների համար, նկատի ունենալով գրքում յիշատակուած հրէական սովորոյթները, , (5-7 գլուխներ նաեւ 10։34-41, 21։18-20։ Իսրայէլի մերժումը Աստուծոյ կողմից, ազգերի աւետարանումը եւ երկրորդ գալուստը 23րդ գլուխ)։

Մատթէոսի աւետարանում Յիսուս ներկայանում է որպէս ՄԵՍԻԱՆ (եբր.) կամ ՔՐԻՍՏՈՍԸ (յուն.)։ Քանի որ աւետարանը գրուել է յունարէնով, դա նշան է որ ընթերցողները կամ լսարանը յունախօս հրեաներ էին, կամ նաեւ հեթանոսներ։ Հին կտակարանի մարգարէութեանց իրականացումը (1։22-23, 2։15, 2։17-18,23, 4։14-16, 8։17, 12։17-21, 13։35, 27։9-10), ազգաբանութիւնը (1։1-17), հրէական աւանդութինների չբացատրումը (ի հակառակ Մարկոսի), հրէական ասոյթների օգտագործումը «երկնքի արքայութիւնը», «Երկնաւոր Հայր» ուր «երկինք»ը փոխնորդ բառ է «Աստուած» կամ «Էլոհիմ» բառին տեղ որ այս աւետարանում յիշատակւում է 15 անգամ իսկ Մարկոսում միայն մի անգամ, որ բարեպաշտ, երկիւղած հրեաներ չէին գործածում, բացի աղօթքից։ Ինչպէս նաեւ «Դաւիթի Որդի» հասկացողութիւնը, (1։1, 9։27, 12։23, 15։22, 20։30-31, 21։9,15, 28։41-45։

Աւետարանը գրուել է նաեւ հեթանոսների համար երբ յիշատակում է մոգերի գալուստը, աշխարհի արտը 13։38 եւ առաքելութիւնը 28։18-20, ուրկէ նաեւ հասաւ երկնային լոյսը դէպի Հայաստան։

Մատթէոսի աւետարանը բաժանուած է հինգ մեծ մասերի, (7։28, 11։1, 13։53, 19։1, 26։1), հետեւութիւն անելով Հնգամատեանի գրքերին. Լեռան քարոզի, աւետարանչութեան, առակների, եկեղեցու կազմակերպութեան եւ վախճանաբանութեան թեմաներով։ Իւրաքանչիւր մաս վերջ է գտնում հետեւեալ գրութիւնով «Երբ Յիսուս վերջացրեց այս խօսքերը»։

Մատթէոսի աւետարանը ունի նաեւ Յիսուսի եւ Մովսէսի բաղդատութիւնը ու նա ակնարկներ է անում Միդրաշի (Հին կտակարանի մեկնարան) մէջ եղած յիշատակումնից։ Մովսէս եւ Յիսուս մանուկների ազատումը. Մովսէսի նման Յիսուս ջրից է անցնում մկրտութեամբ, գնում է անապատ, լեռ է բարձրանում նախքան իր «լեռան քարոզը»։ Բայց Մովսէսից աւելի մեծ ու լրացնող լինելով, բացատրում է Գիրքը «Թորան», Իսրայէլի ժողովրդին։ Սատանայից իր փորձութեամբ (4։1-11) ծոմ է պահում 40 օրեր, քարերին հրաման տալու փորձւում է, ցոյց է տրւում նրան աշխարհի «թագաւորութիւնը»։

Մովսէս ժողովրդին առաջնորդում է ֆիզիքական երկիր, Յիսուս՝ դէպի երկնքի արքայութեան։ Մովսէս չի անցնում խոստացեալ երկիրը ու վախճանում է, իսկ Յիսուս վերադառնում է, 28։16-20։ Մովսէս ստանում է Օրէնքը, Յիսուս լրացնում է այդ Օրէնքը։ Յիսուս ներկայանում է որպէս լրումը Օրէնքին ու մարգարէներին, որն ասում ենք մինչեւ այսօր Սուրբ Պատարագի վերջում, որպէս լրումը Քրիստոսի ներկայութեան եւ լիացնողը «Կատարումն օրինաց եւ մարգարէից… լից եւ զմեզ Հոգւովդ քո Սրբով»։

Մատթէոսի աւետարանը Տաճարի կործանումից յետոյ նոր յոյսի, նոր կեանքի, նոր ընթացքի, դէպի «երկինք» (Աստուած) ընթացող ճանապարհաքարտէսն էր այդ ժամանակից մինչեւ այսօր բոլոր նրանց համար որոնք Փրկիչը փնտռում են (մոգերին նման)։

Մատթէոսի աւետարանը ցոյց է տալիս որ ԵԿԵՂԵՑԻ՛Ն է նոր ու իրական, հաւատաւոր ու ճշմարիտ «Իսրայէլը», երբ «իսրայէլ» անուն կրողները հրաժարուեցին ճշմարիտ ուղիից եւ մերժեցին Յիսուսը որպէս Մեսիան կամ խոստացեալ Քրիստոսը։

Աւետարանին գլխաւոր նպատակն է անցեալի գանձից տալ, հոգեւոր ու ծիսական գործածութիւնը աւետարանչութեան այդ ժամանակին, ու նաեւ յետագային համար։ Ուրիշ որեւէ աւետարանի մէջ չկայ ծիսականութեան ու պաշտամունքային այն լիութիւնը որ գոյութիւն ունի Մատթէոսի Աւետարանին մէջ։

Եկեղեցին, «Նոր Իսրայէլը» իր փրկչական, ծիսական ու օրինական գիրքը, փոխաբերական իր նոր հնգամատեանը գտնում է Մատթէոսի աւետարանին մէջ, ու դառնում Ուխտի այն անձեռակերտ տապանակը, որ պահւում է ՁԵՐ համար սրբութիւն սրբոցին մէջ.., ձեր սրտին մէջ..։

Տ. Սերոբ Քահանայ +

Ամերիկաբնակ հոգևորական Սերոբ Ազարյանի ֆեյսբուքյան էջից

ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԸԸստ չորրորդ դարու Ս. Եկեղեցու հեղինակաւոր պատմագիր Եւսեբիոսի, Պապիաս Հիերոպոլսեցի եպիսկոպոսը երկրորդ…

Опубликовано Serop Azarian Понедельник, 3 августа 2020 г.