ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը։

Գրառումը՝ ստորև․

«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ,

այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը:

ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»: