«Ազատություն TV»-ն չի անդրադարձել օրվա գլխավոր թեմաներից մի քանիսին․ «Մեդիա պաշտպան»

«Ազատություն TV»-ի սեպտեմբերի 9-ի թողարկումներում անդրադարձ չկար Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի աշխատանքից ազատման շուրջ բարձրացված աղմուկին․ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ նա չարաշահումներ է թույլ տվել, 2001-ից պաշտոնավարող Վիրաբյանը նախարարության հրամանն անօրինական է համարում, Ազգային արխիվի աշխատակիցները դեմ են նրա ազատմանը։

«Ազատությունը» չէր անդրադարձել նաև Կառավարության շենքի մոտ Թուրքիայից ու Չինաստանից ապրանք ներմուծողների բողոքի ակցիային։ Մաքսատուրքի գինը մոտ 6 անգամ բարձրացնում են, ինչը նշանակում է, որ թանկացումներ են սպասվում։ Ակցիայի մասնակիցները քայլերթ են իրականացրել դեպի ՊԵԿ, այնուհետ Արարատյան մաքսատուն, ՊԵԿ փոխնախագահի հետ 3 ժամից ավելի տևած հանդիպմանը ընդհանուր հայտարարի չեն եկել։ Առևտրականները պահանջում են հանդիպում վարչապետի հետ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման որակի լրատվությունը, որտեղ չեն ներառվում հանրային հնչեղություն ստացած կարևոր հարցեր։ Պարբերաբար նկատում ենք, որ «Ազատություն» ռադիոկայանը շրջանցում է իշխանության դեմ ուղղված բողոքները՝ իրադարձությունները ներկայացնելով ոչ ամբողջական՝ չպահպանելով բազմակողմանիության սկզբունքը։

#Ազատություն #Մեդիա #Մեդիապաշտպան