Տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների նախաշեմին

Վերջերս մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում տեղի է ունեցել շատ լայնածավալ իրադարձություն. դա, առանց չափազանցության, աննախադեպ քայլ է Ռուսաստանի ռազմական հրամանատարության կողմից: Տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Պաշտպանության նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպումը: ՌԴ Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ նման լայնամասշտաբ միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, դեռ չեն անցկացվել: «Այսօրվա հանդիպումն այս մակարդակի առաջին հանդիպումն է մեր միջազգային շփումների պատմության մեջ», – բացման խոսքում ասել է Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» սեպտեմբերի 4-ին: Նա համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումից հետո միջազգային ռազմական համագործակցությունը կխթանվի, իսկ հանդիպման արդյունքները «ամուր հիմք կդառնան պաշտպանության գերատեսչությունների համագործակցության խորացման համար»: Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ իր գործընկերներին` հունիսի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի շքերթին անձնակազմի մասնակցության համար, ինչպես նաև նշել է նրանց պատրաստվածության բարձր մակարդակը:

Տեղի են ունեցել նաև հանդիպումներ և բանակցություններ ռազմական նախարարությունների և գլխավոր շտաբների ներկայացուցիչների միջև: Միջոցառմանը մասնակցում էր նաև մեր պատվիրակությունը, և մեր հանրապետության ԶԼՄ-ները բավականին մանրամասն զեկույցներ էին հաղորդում «Պատրիոտում»-ում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթի մասին: Այնպես որ, մենք չենք կրկնի. միայն նշենք, որ պարոն Տոնոյանը ժամանակին և «ճիշտ տեղում» տեղեկացրել է այլ երկրների իր գործընկերներին, որ Այսրկովկասում ռազմաքաղաքական իրավիճակը բնութագրվում է բարձր կոնֆլիկտային ներուժով, և վերջերս տարածաշրջանում նկատվում է հակասությունների սրում, ինչը «որոշակի երկրների» հավակնությունների ընդլայնման հետևանք է: Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի բախում, որի առանցքային գործոնն է անվտանգության ընդհանուր տեսլականի բացակայությունը, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունը, նշել է Տոնոյանը:

Հասկանալի է, որ Հայաստանի նախարարը նկատի ուներ առաջին հերթին Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նույնպես մասնակցել է Մոսկվայի տարածաշրջանում անցկացվող միջոցառմանը, ուստի Բաքու վերադառնալուն պես Զաքիր Հասանովը ինչ-որ բանի մասին զեկուցելու է Իլհամ Ալիևին: Ի վերջո, Տոնոյանի հայտարարությունները հատուկ ուշադրությամբ ունկնդրեցին ոչ միայն ԱՊՀ երկրների նախարարներ, այլև Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգհեն (որպես ՇՀԿ անդամ), Իրանի (Ամիր Խաթամին) և Հնդկաստանի (Ռաջնաթ Սինգհ) ռազմական ղեկավարները: Նրանք բոլորը «հատուկ կարծիք» ունեն Թուրքիայի և նրա դաշնակիցների, պանթուրքիզմի հավակնությունների մասին: Եվ ահա, թե ինչն է ծայրաստիճան հետաքրքիր. բանակցությունների հիմնական մասը անց է կացվել մամուլի համար փակ ռեժիմով: Հանդիպումից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն ասել է, որ ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում: Համատեղ կոմյունիկեում նշված է, որ այս խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ: «Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ համատեղ առաջադրանքներն առաջարկվել է մշակել «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում»,- հայտնել է Շոյգուն: Ո՞վ է աշխարհում ամենաակտիվը ահաբեկչության դեմ պայքարում: Իհարկե, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հնդկաստանը: Թուրքերը և ադրբեջանցիները, սակայն, ինչպես և վրացիները, ստիպված կլինեն լրջորեն հաշվի նստել այս փաստի հետ:

Էլ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում բազմաթիվ երկկողմ բանակցությունները (տարբեր «զուգակցված» ձևաչափերով, օրինակ՝ Հնդկաստան և Չինաստան, Իրան և Ռուսաստան և այլն): Իրանի պաշտպանության նախարարը, ընդհանրապես, արդեն որերորդ անգամն է գալիս, բոլորովին վերջերս Ռուսաստանի Դաշնությունում էր, բանակցում էր Շոյգուի, ինչպես նաև «Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի գեներալների» հետ:

Բայց մեզ հետաքրքիր կլիներ իմանալ Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի բանակցությունների գոնե որոշ մանրամասները: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության սակավ տեղեկատվությունը քիչ բան է ասում, չնայած Գերասիմովի և Գասպարյանի առանձին հանդիպման բուն փաստից անսահման հավակնություններ ունեցող «որոշակի երկրներ» պետք է իրենց անհարմար (դիսկոմֆորտ) զգան: «Քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը»,- հայտնել են Մոսկվայից: Այդքա՞նը: Ոչ։ «Մեր երկրների միջև ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում», – նշել է Գերասիմովը հանդիպմանը: «Հայաստանը Այսրկովկասում Ռուսաստանի դաշնակիցն ու հիմնական գործընկերն է»: Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Գերասիմովին` Հայաստանում կորոնավիրուսի հետևանքները վերացնելու գործում ռուս զինվորականների օգնության համար: Նրա խոսքով, Ռուսաստանը Երևանի ռազմավարական դաշնակիցն է, և Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս նրա հետ հարաբերությունների զարգացմանը: Բայց սա ակնհայտորեն այն ամենը չէ, ինչի մասին խոսել են Գլխավոր շտաբերի պետերը:

Այդպիսի ենթադրությունը ինքնին հուշում է Տոնոյանի ելույթի դրվագներից մեկը վերլուծելիս, մեջբերում ենք. «Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի ոլորտը ներառում է ոչ միայն Կովկասի տարածաշրջանը, այլև ՀԱՊԿ-ի պատասխանատվության ողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքը և Արևելյան Միջերկրական ծովը: Դրանից ելնելով՝ Հայաստանը շահագրգռված է պահպանել խաղաղությունն ու կայունությունը նշված տարածաշրջաններում»: Սա Եվրասիայում հայկական բանակի դերը բարձրացնելու բարձրաձայն հայտ է: Իսկ Տոնոյանի կողմից Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրական ծովի (Կիպրոս, Սիրիա, Լիբանան) հիշատակումը նշանակում է, որ Հայաստանը պարտավոր կլինի համատեղ աշխատել նաև Հունաստանի և Իրանի բանակների հետ: Բայց հարց է առաջանում. ո՞վ է հավատում, որ Հայաստանի կառավարությունն ինքը չի խանգարի մեր Պաշտպանության նախարարությանը: Նամանավանդ որ արդեն հայտնի է՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին…

Սերգեյ Շաքարյանց