«Հայաստան» հիմնադրամը շուրջ 70 հազար դոլարի աջակցություն է տրամադրել Սիրիայի հայերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70 000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակակը մեղմացնելու նպատակով։ Այս մասին հայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է  30 000 ԱՄՆ դոլար՝ Սիրիայում  հայկական կրթական հաստատությունների 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին:

Միևնույն ժամանակ, ընդհանուր 40 000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին։ Հավելենք, որ հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։

Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  մշտապես մեր հայրենակիցների կողքին է»,- ասված է հաղորդագրության մեջ։