Ալեն Սիմոնյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

2020 թ. օգոստոսի 21- 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 125 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 63-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի դիտարկմանը Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան կապի վերաբերյալ, ասել է․ «Մենք իհարկե շատ ուրախ կլինեինք, եթե խոսքը վերաբերեր բովանդակային քննարկումներին ու հարցադրումներին, սակայն ցավոք սրտի ԲՀԿ նախագահի ցանկացած հրապարակային հայտարարությունից հետո բովանդակազուրկ մեկնաբանությունների, տարատեսակ մտացածին վերլուծությունների պակաս չի զգացվում: Այս անգամ հերթական «դարի բացահայտում»-ն արել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, աշխարհացունց մտափայլատակում ունենալով, թե այս փուլում Քոչարյան-Ծառուկյան ,ընկերությանե վերականգնման ականատեսն են լինում»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Ալեն Սիմոնյանին տեսնում եմ՝ կլինի Ազգային ժողովի միջանցքներում, կլինի հեռուստացույցով, թե Թումանյանի «SAS»-ում, մտքիս առաջինը երգչուհի Ջուսի տեսահոլովակն է գալիս, որտեղ Ալենը ակվարիումի մեջ շատ նուրբ սողում է»։

Մամուլն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հարցազրույցին, որտեղ ԱԺ փոխխոսնակն ասել է․ «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»: Լարիսա Մինասյանի արձագանքի վերաբերյալ լրատվականը գրում է. «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու իր միջև եղածը որակելով միջադեպ, իշխանություններին, ըստ էության, մեղադրեց նրանում, որ հների համար սահմաններ չեն քաշել, իրենց տեղը ցույց չեն տվել։ Նաև ասաց, որ հիմնադրամի մասին խոսակցությունները վտանգավոր են։ Նախկինների ոտնձգությունները հիմնադրամի դեմ նա, չգիտես ինչու, կոչում է՝ ընդդեմ արժեքների»։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ