Քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելու համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել

Իրավապահ մյուս մարմինների հետ գործակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացիների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ինչպես նաև  խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ դրսևորումների բոլոր դեպքերով  քրեական վարույթների շրջանակներում համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական անշեղ քաղաքականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Կոտայքի մարզի Առինջ Գյուղի բնակչի կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է ՀՀ ոստիկանության ,Ճանապարհային ոստիկանությունե ծառայության տեսուչների կողմից իրենց լիազորությունների անցմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով զուգորդված գործողություններ կատարելու հանգամանքը:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ,Ճանապարհային ոստիկանությունե ծառայության նույն դասակի տեսուչներ Ս. Մ.-ն և Ս. Խ.-ն 2020թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցի վրա գտնվող ,Կասկադե համալիրի հարևանությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակչին պատկանող՝ կանգառն արգելված վայրում կայանված ավտոմեքենան և հատուկ տարհանում իրականացնող տրանսպորտային միջոցով այն տեղափոխել ՀՀ ոստիկանության ,Ճանապարհային ոստիկանությունե ծառայության պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենայի սեփականատեր հանդիսացող քաղաքացին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր եղբորորդու հետ այցելել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ավտոմեքենան դուրս բերելու համար: Նրանք ՃՈ երկու տեսուչներից պարզաբանումներ են պահանջել ավտոմեքենան տեղափոխելու պատճառների վերաբերյալ, պահանջել ցույց տալ կատարված իրավախախտման փաստը հավաստող լուսանկարը, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայացնել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ:

Այնուհետև ավտոմեքենայի սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության այդ աշխատակիցների հասցեին, ինչից հետո վերջիններս, քաղաքացու կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար նրան օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, դիտավորությամբ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ նախ սպայական գումարտակի դիմաց, փողոցում, ապա գումարտակի հերթապահ մասի առջև գտնվող միջանցքում և բակում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին և պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցվել նաև բռնության գործադրումը թույլ չտալու փորձ կատարող՝ քաղաքացու հետ տարածք եկած անձին:

Նշված արարքները կատարելու համար ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության ,Ճանապարհային ոստիկանությունե ծառայության տեսուչներ Ս. Մ.-ին և Ս. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչը, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել նրանց պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն դեպքին ներգրավված այլ պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով։