«Ինչ-որ մեկը» հիշել է Այսրկովկասում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների մասին

Գաղտնիք չէ, որ Covid-19 կորոնավիրուսի և դրա տարածման հարցում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի որոշակի շրջանակներ հակված են մեղադրել ԱՄՆ-ին և հետխորհրդային երկրներում տեղակայված (այդ թվում՝ նաև Հայաստանում) բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներին, որոնք ֆինանսավորվում և հովանավորվում են ԱՄՆ Պենտագոնի կողմից: Եվ ահա, տեղի է ունեցել մի բան, ինչը, մեր կարծիքով, կարող է ելակետ դառնալ վերոնշյալ տերությունների հատուկ ծառայությունների նոր քողարկված բախումների համար: Վրաստանի ՆԳՆ-ը սեպտեմբերի 3-ին հայտարարել է, որ աշնան առաջին օրը Վրաստանի օկուպացված տարածքներից «ժամանակավոր տարհանված անձանց», աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության համակարգչային համակարգը, այդ թվում՝ նաև Ռիչարդ Լուգարի ​​անվան հանրային առողջապահության հետազոտման կենտրոնի համակարգը, ենթարկվել են կիբերհարձակման «արտասահմանյան հատուկ ծառայություններից մեկի» կողմից: Դա այն նույն «Լուգարի ​​կենսաբանական լաբորատորիան» է, որին նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ն գործնականում բացահայտ մեղադրում էր Ռուսաստանի Դաշնության սահմանային կովկասյան ինքնավար հանրապետությունների դեմ կենսաբանական պատերազմի նախապատրաստման մասնակցելու մեջ:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների՝ հակերները Լուգարի ​​լաբորատորիայի տվյալների բազայից գողացել են բժշկական փաստաթղթեր և «կարևոր տեղեկություններ» կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վերաբերյալ: «Արձանագրվել է անօրինական մուտք և բժշկական հետազոտությունների կենտրոնի տվյալների բազաներում պահվող համաճարակի կառավարման հետ կապված կարևոր բժշկական գրառումների և տեղեկատվության գողություն: Այս փուլում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ կիբերհարձակումը իրականացրել է արտերկրյա հետախուզական ծառայություններից մեկը: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կդիմի գործընկեր երկրների համապատասխան ծառայություններին՝ այս հանցագործության արագ և արդյունավետ հետաքննության համար օգնություն ցուցաբերելու խնդրանքով»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեպարտամենտը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի՝ «Ինքնակամ մուտք համակարգչային համակարգ», հատկանիշներով:

Սա շատ արտառոց իրադարձություն է. եկեք համաձայնենք, քանի որ Վրաստանը, ինչպես մեր Հայաստանը, տարիներ շարունակ ստել և ստում է Ռուսաստանին՝ պնդելով, թե իբր Վրաստանի տարածքում գտնվող բոլոր կենսաբանական լաբորատորիաները, այդ թվում՝ Լուգարի ​​կենտրոնը, «ԱՄՆ-ի հետ կապ չունեն» և հանդիսանում են Վրաստանի սեփականությունը, որը և վերահսկում է այդ կենսաբանական լաբորատորիաները: Բայց ահա այն, ինչ մենք լավ ենք հիշում. 2020 թ. օգոստոսի 6-ին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը պաշտոնապես հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնին հրավիրում է երկկողմ ձևաչափով քննարկել Ռուսաստանի սահմանների պարագծով ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության հետ կապված հարցերը․«Ռուսաստանի սահմանների պարագծով Միացյալ Նահանգների ռազմական կենսաբանական գործունեության հետ կապված խնդիրների լուծմամբ պայմանավորված անհրաժեշտ ենք համարում օգտագործել «Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման կոնվենցիայի» V հոդվածի մեխանիզմը, ըստ որի՝ անդամ երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցեն կոնվենցիայի նպատակին վերաբերող ցանկացած հարց լուծելու կամ դրա դրույթների կատարման համար: Ամերիկյան կողմին կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ և երկկողմ ձևաչափով քննարկել ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական գործունեության հետ կապված մեր կուտակած բոլոր խնդիրները»: Ընդ որում, ամերիկացի ռազմական կենսաբանների կողմից ձեռք բերված հիվանդությունների հարուցիչների շտամները հետագայում կարող են օգտագործվել Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների ազգային անվտանգության շահերին անհամատեղելի նպատակների համար, ասել է պարոն Զայցևը մեկ ամիս առաջ. «Այս առումով մենք հետևողականորեն պաշտպանում ենք ԿԹԶԿ ռեժիմի ամրապնդումը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար գործի՝ կենսաբանական գործակալների՝ որպես զենք օգտագործելու սպառնալիքներին և ռիսկերին համակողմանի հակազդելու և խաղաղ նպատակներով կենսաբանական ոլորտում միջազգային համագործակցությունը խթանելու համար»:

Ամերիկացիները «լռում էին»: Ռուսաստանը պատասխան չի ստացել Պենտագոնից և ԱՄՆ Պետդեպարտամենտից: Եվ ահա, «ինչ-որ մեկը» գողացել է Լուգարի ​​կենսաբանական լաբորատորիայի տվյալները: Եվ ոչ ոք ոչինչ չի ապացուցի. կներեք, հակերները կարող էին նստել Բեռլինում: Կամ նույնիսկ Ավստրալիայում: Իսկ թե որտեղ կհայտնվի գողոնը կամ արդեն հայտնվել է՝ «երրորդ հարց» է: Բայց ինչ կարելի է արդեն ասել. հաջորդը, ըստ ամենայնի, Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան նախարարություններում համակարգչային համակարգերի ջարդերը, որտեղ նույնպես կան ԱՄՆ Պենտագոնի կենսալաբորատորիաները, և որոնք, ինչպես Վրաստանը, երկար տարիներ ստել և ստում են ոչ միայն Ռուսաստանին, այև Իրանին…

Հետախուզական պատերազմը և դրա տեսակը՝ կիբերպատերազմը, մեր Այսրկովկասում մտել են նոր փուլ: Ամեն դեպքում, տուժող կլինեն Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը:

Սերգեյ Շաքարյանց