Անդրանիկ Քոչարյանը ծառայում է թշնամու քարոզչությանը, բայց նույնիսկ ադրբեջանցիներից են խոստովանել ճշմարտությունը (լուսանկարներ 21+)

Վերջերս անդրադարձել էինք «ՀՀ Ազգային ժողով» կոչվածի 2016 թվականի ապրիլին ծավալված մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հրապարակային հայտարարությանը, թե ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատը Ապրիլյան քառօրյայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել։

Մի պահ պատկերացնենք կամ ենթադրենք, թե Անդրանիկ Քոչարյանը ճշմարտախոս մարդ է և իսկապես ճշմարտությունն է ներկայացրել, քանի որ այլ կերպ չէր կարող: Բայց չէ՞ որ կարող էր գոնե լռել: Էլ չենք ասում այն մասին, որ ոչ միայն Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, այլև քաղաքական ու ռազմական գործիչները շարունակելով տեղեկատվական ու հոգեբանական պատերազմը, Արցախին և Հայաստանին առնչվող բազում-բազում հարցերում իրականությունը, որպես կանոն, ներկայացնում են գլխիվայր շրջված, որովհետև դա է պահանջում իրենց շահը, իրենց վարած քաղաքականությունը: Բայց մի՞թե արդեն սպիտակած մազերով Անդրանիկ Քոչարյանը հասունության այն տարիքում է, որ նրան պետք է բացատրել, թե տեղեկատվական և հոգեբանական պատերազմն ինչ են… Իսկ եթե գիտենալով հանդերձ է վերոնշյալ հայտարարությունը կատարել, ուրեմն ի՞նչ հետևություն անել…

Իրականում, սակայն, խնդիրն ավելի լուրջ է, քանի որ Անդրանիկ Քոչարյանն ունենալով որոշակի միտում, ճշմարտությունը չի ներկայացրել: Թալիշ ներխուժած «Յաշմա»-ի հատուկ ջոկատայինները, որոնք, ըստ Քոչարյանի, լուրջ հաջողությունների են հասել, իրականում մեր տղաների վրա հասնելուց հետո մազապուրծ ճողոպրել են մարտի դաշտում թողնելով իրենց հրամանատարների դիերը: Ընդ որում, այս մասին դեռ 2019թ. ապրիլի 9-ին «Ադրբեջանական հատուկջոկատայիններն իրենց հրամանատարների դիակները թողել են մարտի դաշտում» վերտառության ներքո գրել է ադրբեջանական Haqqinaz.com կայքը` հրապարակելով նաև սպանվածների լուսանկարները և հղում կատարելով Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղա

րամյանի ֆեյսբուքյան էջին:

Haqqinaz.com-ը գրելով «Ահա թե ինչպես է ստում ադրբեջանական քարոզչությունը», հիշյալ հրապարակմամբ մասնավորապես տեղեկացրել է, որ, այսպես կոչված, հատուկջոկատայինները, ովքեր բայկեր (կարճ հեքիաթներ, հորինվածքներ) են պատմում, մարտի դաշտում թողել են իրենց վիրավոր հրամանատարին ու «052 Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի շտաբի պետին` փոխգնդապետ-լեյտենանտ Մուրադ Միրզաևին և Իմանովին:

«40-ամյա փոխգնդապետ, հատուկ նշանակության խմբի հրամանատար Միրզաևը ոչնչացվել է Արցախի Պաշտպանության բանակի 18-20 տարեկան զինվորների կողմից,- գրել է ադրբեջանական կայքը:- Հատուկջոկատայինները, ովքեր ռազմի դաշտում թողեցին իրենց բրիգադի հրամանատարների դիակները (նրանցից մեկը լուսանկարում է), տեսախցիկի առաջ իրավունք չունեն պատմություններ պատմել»:

Անդրանիկ Քոչարյանի հիշյալ հայտարարությանը և Արցախում «052 Յաշմա»-ի լուրջ հաջողություններին ֆեյսբուքյան իր էջում «Քառօրյայի հաղթանակը դասալիքների ճիրաններում» վերտառության ներքո անդրադարձել է նաև քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Նա մասնավորապես գրել է.

«Այն, որ Ադրբեջանը բավականին երկար և լրջորեն էր նախապատրաստվել Քառօրյա պատերազմին՝ անկասկած է։ 94-ի զինադադադարից հետո, թերևս, թշնամու կողմից իրականացրած ամենալայնածավալ հարձակումն էր, որում ընդգրկված էր Ադրբեջանի ռազմական ներուժի մոտ 20 տոկոսը, էլիտար զորամիավորումները, նաև՝ թուրքական հետախուզությունը։ Պատերազմում, այո՛, լինում են նաև նաև կորուստներ, որոնք չեն կարող ստվերել անվիճելի հաղթանակը։ Միայն թշնամիդ կարող է փորձել իր պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։ Բայց միայն թշնամի՞դ…. Պարզվում է ՝ ո՛չ։ Նաև կարող է զինվորիդ կյանքի գնով ձեռք բերած հաղթանակը  փորձել պարտություն ներկայացնել քո իսկ պետության իշխանությունը՝ քաղաքական օրապահիկ շահերից ելնելով։ Թշնամին ծրագրել էր պատերազմի արդյունքում Շուշիի վարչական շենքին ծածանել Ադրբեջանի դրոշը, ետ վերադարձնել ազատագրված առնվազն երկու շրջան։ Բայց Երևանի սրտում մեծացած հերոսը նռնակը նետելուց և զոհվելուց վայրկաններ առաջ որոտաց՝ դիրքերը հանձնողի մերը… Իսկ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն էլ չենթարկվեց Ուրֆանյանի հրամանին, մնաց հրամանատարի կողքին և նրա հետ միասին զոհվելով՝ կանխեց թշնամու հետագա առաջխաղացումը։ Մեր զինվորը թշնամուն ստիպեց մեկնել Մոսկվա՝ խաղաղություն մուրալու։ Բայց Ռոբերտ Աբաջյանը չէր կարող այդ պահին կանխատեսել, որ կգտնվի դիրքերից ճողոպրածների մի խումբ, ով իշխանությունը զավթելու համար կարող է հորինել կեղծ պապիկի, որպեսզի իր անունից  ողջունի հեղաշրջումը… Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանն ու մյուս հերոսները  չէին կարող նաև ենթադրել, որ ԱԺ պատահականորեն հայտնված դասալիքները կարող են ձևավորել հանձնաժողով, ովքեր իրենց՝ մահ իմացեալի գնով կռած հաղթանակը կփորձեն նսեմացնել, որ ընտանեկան կապալի ներկայացուցիչը կարող է հայտարարել՝ մեր երիտասարդները զոհվել են հանուն ոչնչի…

Պատերազմող պետությունում ամենաանհեթեթ պատճառներով ու ամենաստոր ձևերով փաստաթղթերը կեղծած դասալիքների կողմից ձևավորված  նման հանձնաժողովի ստեղծումն ու հրապարակային գործունեությունը ինքնին վտանգավոր էր։ Այսօր արդեն այդ հանձնաժողովից  ռազմական և պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում, ինչը ձեռնտու է մեր թշնամիներին։ Ողջունում եմ Յուրի Խաչատուրովի կեցվածքը, ով գիտակցելով հանդերձ, որ շահարկվելու է իր կողմից հանձնաժողովի հրավերի մերժումը, բացահայտ արհամարհեց հրավերի առաջարկը, համոզված լինելով, որ այդ հանձնաժողովի ստեղծումը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Այն ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով և պետք է ապացուցեր ընդդիմադիր դիրքերից ԱԺ-ում և հրապարակային այլ հարթակներում Քառօրյային Նիկոլի և իր թիմակիցների կողմից տրված գնահատականները, որ մենք պարտվեցինք, որովհետև մեր զինվորը սոված էր, որովհետև մեր զինվորը չուներ փամփուշտ և բահով էր կռվում թշնամու դեմ, որովհետև դիզվառելիքը ծախել էին և փոխարենը տանկերի բաքերում ջուր էին լցրել, որովհետև մեր ղեկավարությունը պարտության շուրջ նախապես պայմանավորվածություններ ուներ, որովհետև Ռուսաստանը օգնել է Ադրբեջանին ու իր մասնակցությունն է ունեցել պատերազմական գործողություններում, որովհետև…և այլ անհեթեթություններ ու զրպարտություններ։

Այո՛, Ադրբեջանը երկարատև ու լուրջ էր նախապատրաստվել պատերազմին։ Հարձակման ընթացքում նա օգտագործեց ամենաժամանակակից զինատեսակների մի ամբողջ տեսականի՝ համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հակատանկային կառավարվող հռթիռներ, հարվածային ուղղաթիռներ և այլ զինատեսակներ։ Այս ամենի մասին առավել հիմնավոր տեղեկացանք, երբ Քառօրյայի ավարտից մի քանի օր հետո ԱԺ-ի պատվիրակությամբ եղանք Արցախում, այցելեցինք դիրքեր, հանդիպեցինք մարտական գործողությունների ներկայացուցիչներին ու ռազմական փորձագետներին։ Ռազմական ներուժի այսպիսի ընդգրկմամբ թշնամու հարձակմումը մեր բանակը  կարողացավ չեզոքացնել և բլից-կրիկը ավարտել հաղթանակով։ Հաղթեց, որովհետև Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանը և մյուս հերոսները չէին ամաչել իրենց ազգի և պետության կենսագրությունից, սնվել էին իրենց նախնիների անցյալից և չէին դատապարտել ու նզովել նրանց, ինչպես բանակից փախած և իր նախնիների պահվածքից  ամոթախեղդ եղած, նույնիսկ պետության անվտանգությանը թիկունքից հարվածելու գնով իշխանությունը զավթած այսօրվա Գերագույն Գլխավորը…

Հանձնաժողովի առաջիկա հաշվետվության տրամադրությունները արդեն շոշափելի են. հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատը Քառօրյայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել։ Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես նշում են ի պաշտոնե պատերազմական գործողությունների ամբողջ խոհանոցին խորությամբ տիրապետող Արցախի ղեկավարության ներկայացուցիչներն ու ադրբեջանական որոշ աղբյուրներ, որ «Յաշմայի» հրամկազմը հիմնականում ոչնչացվել է, ջոկատը կորցրել է իր կազմի 60 տոկոսը և դարձել անմարտունակ։ Հանձնաժողովի նախագահի նման գնահատականը անգնահատելի նվեր էր թշնամուն՝ այսօր արդեն «հայկական աղբյուրները» վկայակոչելով է Ադրբեջանի ղեկավարութունը Քառօրյան ներկայացնում որպես ադրբեջանական կողմի հաղթանակ։

Անկեղծ ասած, օր առաջ սպասում եմ այդ տխրահռչակ հանձնաժողովի հաշվետվությանը։ Այն, որ խեղաթյուրելով փաստերը, ինչպես «Յաշմայի» դեպքում, պետք է փորձեն նսեմացնել մեր բանակի հաղթանակը՝ արդեն իսկ ակնհայտ է։ Չեմ բացառում նաև հանձնաժողովի հրավերին ընդառաջած Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների խոսքն ընտրողաբար օգտագործելով, փորձեն հենց նրանց՝ նախկին ղեկավարությանը մեկ անգամ ևս հարվածել. ի վերջո, հենց այս նպատակն էր հետապնդում նման հանձնաժողովի ստեղծումը։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե հանձնաժողովն ինչ գնահատական կտա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ է եղել ադրբեջանական կողմի հարձակումը։ Կապանի ասուլիսում Նիկոլը չպատասխանեց այդ թեմային վերաբերող հարցին՝ հայտարարարելով, որ ինքը խոսել է ռուս գործընկերների հետ, ինչը որևէ կապ չուներ լրագրողի հարցադրման հետ։ Ավելի զավեշտալի էր հանձնաժողովի նախագահի պատասխանը նույնաբովանդակ հարցադրմանը. թե բա՝ Նիկոլն այդ հայտարարությունն արել է ընդդիմություն եղած ժամանակ… Այսինքն, կարելի է ընդդիմադիր կարգավիճակում ամենավերջին ստորություններով ու ստերով վարկաբեկել բանակն ու օրվա քաղաքական ղեկավարությունը, դրսի գրանտատուների տրամադրությունները շահելու համար հակառուսական կեղծ տեղեկություններ տարածել՝ դրանով իսկ թիկունքից հարվածել պետության անվտանգությանը, հեղաշրջման ճանապարհով զավթել իշխանությունը և այսօր  լկտիաբար արդարանա՞լ…

Հասկանում ե՞ս Հայաստանի հպարտ քաղաքացի, թե ինչ տեսակի հետ գործ ունես….

Բայց, եթե նրանք լրագրողի հետ անկեղծ լինեին, պետք է ընդամենը խոստովանեին, որ Նիկոլը ներողություն է խնդրել ռուսական կողմից այդ հայտարարության համար։ ԵԱՏՄ-ի նիստին այս փաստը բավականին անկաշկանդ օգտագործեց Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն՝ արհամարհական տոնով Հայաստանի վարչապետին հրապարակավ հիշեցնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ խոսելիս նա լեզուն համապատասխան տեղն է տանում… Չգիտեմ, համաշխարհայն պրակտիկայում կա նման նախադեպ, որ որևէ պետության ղեկավար անպատասխան է թողնում մեկ այլ պետության ղեկավարի կողմից իրեն ուղղված հրապարակային կոշտ հայհոյանքը, բայց իր պետության ներսում ամենօրյա ռեժիմով հոխորտում՝ իր քաղաքացուն ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու, իսկ մոլորակին ծնկի բերած կորոնավիրուսին էլ՝ տնական օղիով ոչնչացնելու սպառնալիքով։

Շարունակելի»:

Ինչ հետևություն անել բացի նրանից, որ Անդրանիկ Քոչարյանը ծառայում է թշնամու քարոզչությանը:

Արթուր Հովհաննիսյան