COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերը երեխաների և մեծահասակների համար տարբեր կլինեն
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կներկայացվի երկու կատեգորիայով`երեխաների և մեծահասակների համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի բաժնի պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոյի հայտարարությունը:
«Կլինեն պատվաստանյութերի երկու կատեգորիաներ. մեծահասակների և երեխաների համար: Երեխաների համար դա կլինի ավելի նուրբ և պակաս ռեակտոգեն: Երեխաների մարմնի քաշը պակաս է, քան մեծահասակներինը, ուստի նրանց դեղաչափը կկրճատվի», – հայտարարել է Բուտենկոն:
Մասնագետը նշել է, որ երեխաների իմունային համակարգը կարող է այնքան զարգացած չլինել, ինչպես մեծահասակներինը:
Նրա խոսքով՝ երեխաների պատվաստանյութերի արտադրությունը կսկսվի զանգվածային թեստավորումների փուլի ավարտից հետո: Բոլոր հետազոտություններին կներգրավվեն տարբեր տարիքի և սեռի մարդիկ:
Այս տարվա օգոստոսին Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյա կենտրոնի կողմից`Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: