Ես ընդունել եմ Վրաստանի վարչապետ դառնալու՝ ընդդիմության առաջարկը. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին ընդունել է վրացական ընդդիմության՝ երկրի վարչապետ դառնալու առաջարկը: Այս մասին Սահակաշվիլին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես ընդունել եմ հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրաստանի վարչապետ դառնալու մասին վրացական միասնական ընդդիմության առաջարկը: Հարցն այն է, որ հիմա խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ոչ թե Ուկրաինայում, այլ Վրաստանում: Բնականաբար, ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին ճգնաժամից դուրս գալու գործում: Ուստի հայտարարեցի, որ համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ կայունացման ժամանակահատվածով, մինչև որ կարողանանք հաղթահարել խոր ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»,-գրել է Սահակաշվիլին:

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ակնարկել  է, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ Վրաստան:

«Դեռևս գտնվում եմ Ուկրաինայում և կատարում եմ Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի իմ լիազորությունները: Մենք պատրաստվում ենք Ազգային Ռադայի հերթական նիստին, որում շատ կարևոր օրակարգ ունենք: Մենք նիստին կառաջարկենք ընդերքի օգտագործման, էլեկտրական միացումների, դատական համակարգի բարեփոխումների և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության ոլորտի բարեփոխումների համապարփակ ծրագիր: Բացի այդ, շուտով խորհրդարանը կքննարկի մեր կողմից ավելի վաղ առաջարկված մաքսային բարեփոխումները, ելքային կապիտալի հարկը և սեփականաշնորհման բարեփոխումները: Ես  շարունակում եմ այցեր կատարել Ուկրաինայում և աշխատել սովորական ռեժիմով: Ինձ համար Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագրերը անբաժան են: Ես ընտրություն չեմ կատարում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և այստեղ, և այնտեղ»,-ավելացրել է Սահակաշվիլին:

Նշենք, որ սեպտեմբերի 7-ի ճեպազրույցում «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն տեղեկացրել է, որ վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիան հոկտեմբերին կայանալիք ընտրություններին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու թեկնածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնում: