Նրանց համար ցավոտ կլինի լսել, որ իրենց հարազատները մասնակցել են անկարգության, թալանի, և այսօր փոխհատուցում են ստանում․ Կոչուբաևը՝ Մարտի 1-ի գործի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում տեղի է ունենում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը, տուժողների իրավահաջորդները չեն մասնակցելու արդեն չորրորդ անգամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել։ Հայցի հիմքում ընկած է «Զինվորի մայր» ՀԿ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, որ ինչո՞ւ, օրինակ, զոհված զինծառայողներին կամ «Սասնա ծռերի» գործողությունների հետևանքով մահացած ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև, առհասարակ, հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներին տրամադրվում է։

«Մենք ունենք դատական ակտ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը և այլք կազմակերպել են թալան և զանգվածային անկարգություններ, և իմ վստահորդները վերահաստատել են այդ դատական ակտում արձանագրությունը»,- ասաց նա և նշեց, որ հայցը բերած անձինք չպետք է դրանից նեղանան, քանի որ եթե նեղանում են, ապա պետք է նեղանան այդ դատավճռից: Ըստ նրա՝ պարզ է, որ այս գործը հեռանկար չունի և հայցը բերվել է զուտ բերվելու համար:

«Այսօրվա նիստին նրանց չներկայանալը վերահաստատում է, որ նրանք պարզապես ասելիք չունեն: Նախորդ նիստերին այս կամ այն կերպ նրանց ներկայացուցիչը գրում էր՝ հիվանդ է, սոված է, ծարավ է, իսկ այս նիստին որևէ դիրքորոշում չէին ուղարկել, թե ինչու չեն մասնակցում, և արդյունքում մենք ունեցանք ևս մեկ հետաձգված դատական նիստ»,-ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչը և նշեց, որ համաձայն է, որ «Մարտի 1–ին եղել է թալան և զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալ և չփոխհատուցել մահացած զինծառայողների ընտանիքներին կամ առաջնահերթությունները խախտելը կառավարության կողմից շատ լուրջ բաց է:

Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ իրենց դիրքորոշումը վերահաստատելու են և պետք չէ նեղանալ պատմությունից: «Մարտի 1–ն իրապես զանգվածային անկարգություն էր, թալան էր, և մենք այդ իրադարձությունները այդպես ենք անվանում»,- ասաց նա և նշեց, որ պատրաստ են դա ապացուցել:

«Կարծում եմ՝ կոմպրոմիսային լուծումը գործի վարույթի կարճումը կլինի, որը ձեռնտու տարբերակ է նաև հայցվորներին, քանի որ կարծում եմ, որ նրանց համար ցավոտ կլինի լսել, որ իրենց ընտանիքի անդամները մասնակցել են զանգվածային անկարգության և թալանի, և այսօր փաստացի փոխհատուցում են ստանում այդ անկարգությանը և թալանին փաստացի մասնակցելու համար»,- հավելեց նա: