Կցանկանայի, որ խոսքի ազատության քողի տակ վիրավորանքներ ու զրպարտություններ չտարածեին․«Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է զրույցների շարքը տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարների կամ պատասխանատուների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն է։

Մամուլի քարտուղարի պաշտոնը սերտ կապված է նախարարի անձի հետ և, ինչպես ընդունված է, նախարարի փոփոխությունը ենթադրում է նաև մամուլի քարտուղարի փոփոխություն։ Դուք 2013թ-ից աշխատում եք, այս ընթացքում արդարադատության 5 նախարար է փոխվել։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք կարողացել դառնալ անփոխարինելի։

-Իրականում Արդարադատության նախարարությունում աշխատանքի եմ ընդունվել 2012 թվականի օգոստոսին՝ որպես Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փորձագետ, որից հետո, այս տարիների ընթացքում, նշանակվել եմ Բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև բաժինը դարձել է վարչություն, նշանակվել եմ վարչության պետի տեղակալ, հետո վարչության պետ։ Այս բոլոր հաստիքները եղել են քաղաքացիական ծառայության հաստիքներ և ոչ հայեցողական։ Ու նոր նախարարների նշանակմամբ, որպես քաղծառայող, շարունակել եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները։ Միայն 2018 թվականին ,Հանրային ծառայության մասինե օրենքում կատարված փոփոխության արդյունքում, ըստ որի՝ նախարարություններում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը դարձավ հայեցողական և այն սահմանված կարգով պետք է զբաղեցներ մամուլի քարտուղարը, այդ ժամանակ պաշտոնավարող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջարկով նշանակվեցի Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար։

Հայեցողական պաշտոնում նշանակվելուց հետո, ես միանշանակ, պատրաստ եմ եղել նոր նախարարի նշանակումից հետո թողնելու հաստիքը, քանի որ շատ լավ գիտակցում եմ, որ նախարարի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարների հաստիքներում պետք է նշանակվեն վստահելի մարդիկ․ հենց դրա համար են այդ պաշտոնները հայեցողական։ Սակայն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշանակվելուց հետո որոշեց, որ պետք է շարունակեմ աշխատանքս։ Անկեղծ, ուրախ ու շնորհակալ եմ այդ որոշման համար, քանի որ այս տարիների ընթացքում Արդարադատության նախարարությունը դարձել է ինձ հարազատ աշխատավայր, որի հաջողություններով ուրախանում եմ, իսկ երբեմն-երբեմն ի հայտ եկող խնդիրների համար՝ տխրում՝ դրանք համարելով իմ անձնական հաջողություններն ու անհաջողությունները։

Նախկինում աշխատել եք «Արմենպրես» լրատվականում՝ որպես լրագրող, լրագրողական համայնքը ձեզ շատ լավ ճանաչում է։ Որպես մամուլի քարտուղար՝ արագ եք արձագանքում լրագրողների բարձրացրած հարցերին։ Իսկ ի՞նչ խոչընդոտներ կամ անհամաձայնություններ են լինում լրագրողների հետ, առհասարակ, ինչպիսի՞նն են հայ լրագրողները, հեշտ է նրանց հետ աշխատել։

-Այո, աշխատանքային գործունեությունս սկսել եմ «Արմենպրես» լրատվականից, որի համար անչափ ուրախ եմ։ Այն եղել է այն դպրոցը, որը մասնագիտական բազում հմտություններ ու կարողություններ է տվել՝ շնորհիվ գործընկերներիս սրտացավության և օգնելու պատրաստակամության։

Որքան հնարավոր է, փորձում եմ լրագրող գործընկերներիս համար միշտ հասանելի լինել, հնարավորինս արագ արձագանքել, որովհետև գիտեմ՝ ուշացած արձագանքը, հերքումն ու պատասխանն անարդյունավետ են։

Այս պահին կդժվարանամ հիշել որևէ խոչընդոտ, որն առաջացել է լրագրող գործընկերներիս հետ համագործակցության ընթացքում։

Համագործակցությունը շատ լավ եմ գնահատում, եթե հրապարակումներում լինում են որոշ խնդիրներ կամ շտկումների կարիք, կապ հաստատելուց հետո մեծ պատրաստակամությամբ ու օպերատիվությամբ շտկվում են։ Դա չգնահատել չեմ կարող։ Լրագրող գործընկերներիս հետ աշխատելը հեշտ է ու կարևորը՝ արդյունավետ։

Աշխատանքային մեկ օրվա մասին կպատմե՞ք՝ ինչպե՞ս է սկսվում օրը, քանի՞ հարցում, զանգ ու հարցազրույցների հրավերներ են լինում։

-Օրս սկսվում է աչքերս բացելուց հետո լրահոսին ծանոթանալով։ Երբեմն լինում են բոլոր կայքերով տարածվող մամուլի տեսություններ, որոնց պետք է արագ արձագանքել, հերքում կամ պարզաբանում տարածել և այլն։ Աշխատանքի ժամանելուց հետո տվյալ օրվա պայմանավորվածությունների ժամերն եմ վերհիշում, ընդհանուր լրահոսին ծանոթանում ու սկսում զբաղվել նախապես պլանավորած աշխատանքներով։

Իսկ զանգերի պակաս միանշանակ չեմ ունենում: Եվ քաղաքային հեռախոսս է գրեթե միշտ ծանրաբեռնված լինում, դրա կրկնակին, իհարկե, բջջայինս։ Հակառակ պարագայում ինձ երևի լավ չեմ զգա, սովորել եմ այս տեմպին։ Զանգերի քանակը միջինը կարող են գերազանցել 50-ը․ պատասխանում եմ և՛ մեր քաղաքացիների զանգերին, և՛ լրագրողների։ Իսկ հարցազրույցների մասով օրական հրավերների թիվը մոտ հինգն են լինում․փորձում ենք հնարավորինս չմերժել։ Իսկ բանավոր ու ֆեյսբուքյան հարցումների թիվը… ավելի լավ է չնշեմ:

Անդրադառնանք ամենաքննարկվող հարցերից մեկին՝ դատական համակարգ, որը տարվա սկզբից հայտնվեց, այսպես ասած, հարձակումների, քննարկումների ու քննդատությունների թիրախում։ Նախարարության ներկա ռազմավարությունն այս ուղղությամբ ինչպիսի՞նն է։ Ի՞նչ եղավ վեթինգը։

-Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, հայտարարեց դատական համակարգում խորքային բարեփոխումներ իրականացնելու որոշման մասին և շատ կարճ ժամանակում, 2019 թվականի հունիսից հոկտեմբերն ընկած ամիսներին, Արդարադատության նախարարությունը հանրությանը ներկայացրեց ռազմավարական շատ լուրջ փաստաթղթեր՝ ուղղված դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին։ Ես, անկեղծորեն, ցանկանում եմ բոլորը պատկերացնեն, թե ինչ տքնաջան ու օրնիբուն աշխատանքի արդյունք են այդ փաստաթղթերը, որոնք, ի դեպ, բարձր գնահատականի արժանացան և՛ մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, և՛ միջազգային հանրության կողմից։

Դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ընդունումից անմիջապես հետո Նախարարությունը կրկին կարճ ժամանակում Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում իրականացրեց բարեփոխումներ (նույն վեթինգն է), մշակեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որն արդեն գործում է և կարծում եմ՝ այդ օրենքի կիրարկման արդյունքերին շուտով բոլորս ականատես կլինենք։ Հավանության արժանացած այդ փաստաթղթերում հստակ ներկայացված են եղել բոլոր գործողություններն ու նպատակները, որոնց ուղղությամբ էլ Նախարարությունը շարունակում է շարժվել։

Նախարարությունը, ուսումնասիրելով համատարած վեթինգ իրականացրած, բոլորի կողմից այդքան մատնանշվող Ալբանիայի անհաջող փորձը (http://moj.am/storage/uploads/Albania_vetting.pdf ), որոշեց առաջարկել խորքային ու համակարգային լուծումներ, ներդնել բարեվարքության ստուգման այնպիսի երկարաժամկետ ու աշխատող գործիքներ, որոնք հնարավորություն կտան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ստուգելու գործող դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների գույքային դրությունը՝ բոլոր տարիների հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։

Կատարելագործվեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։ Իսկ թե այս ընթացքում նախարար Բադասյանի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քանի միջնորդություն է ներկայացվել, «խոսում» են Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակված որոշումները։ Արդարադատության նախարարությունը հայտարարել է՝ այո՛ վեթինգ լինելու է, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ներկայացրել է Նախարարության իրականացրած բարեփոխումների հիման վրա իրենց կողմից կատարված բարեվարքության ստուգման/վեթինգի առաջին արդյունքների մասին։

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։ Ի՞նչ կարևոր շեշտադրումներ եղան։

-Այո, հերթական նիստն էր, որի վերաբերյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն․ մանրամասները դրանում ներկայացված են, ավելին նշել չեմ կարող։

Երկրում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս են ազդել խոսքի ազատության վրա։

-Միայն դրական։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չէի հանդիպել այս քանակի անկաշկանդ գրառումների ու հրապարակումների, որքան վերջին երկու տարիների ընթացքում։ Իհարկե, ինքս ամեն հարցում չափավորություն եմ սիրում և շատ կցանկանայի, որ խոսքի ազատության քողի տակ մարդիկ վիրավորանքներ ու զրպարտություններ չտարածեին։