Նիկոլն ու Ալիևը մրցույթ են մտել, թե ով շատ «կպաչի» Պուտինին

Սակայն նախ` Նիկոլին  «պաչողների» մասին:

Որքան էլ պարադոքսալ, նրանք բավականին պատվարժան պաշտոններ են զբաղեցնում, և դրսևորումը անհարգալից է առաջին հերթին իրենց իսկ զբաղեցրած պատասխանատվության նկատմամբ: Խոսքն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա կաբինետի արտաքին գերատեսչության ղեկավարի մասին է:

Իր 100–օրյային նվիրված ասուլիսում Արայիկ Հարությունյանը սիրողական, գրեթե արկածային մտքերով` ստախանովյան արագությամբ հասավ-անցավ Ղարաբաղի խնդրով Նիկոլ Փաշինյանի` ցայս հնչեցրած բոլոր անհեթեթությունները:

Եզրակացությունը ցավոտ էր. թե հայաստանյան, թե արցախյան այսօրվա իշխանությունները բացարձակ չեն տիրապետում հիմնախնդրի դիվանագիտական խորքին, նրբություններին, այն մատուցելու մշակութաբանական հենքին, միջազգային պրակտիկային: Ինչն այդքան տխուր չէր լինի, եթե սուր աչքը չնկատեր. խիստ մտածված` Արցախյան խնդիրը հայաստանյան իշխանությունները հրել են արցախյան պատասխանատուների դաշտ, վերջիններս էլ այն որբի գլուխ դարձրել` որտեղից հասցնում, խուզում են:

Այնուհանդերձ, որպես փիլիսոփայություն և օրինաչափություն, ամեն նման փակ էկոտարածք նաև հնարավորության նոր դուռ է, և անհրաժեշտ` կենսական պիտոյի դեպքում, համոզված ենք՝ խորքային պետության տողանի կանգնածները, գործընթացին «փարդի քամակից» հետևող իրական պատասխանատուները, շատ արագ օրվա դիլետանտներին դեն կհրեն` գործն իրենց ձեռքն առնելու, կենաց պայքարը առաջ տանելու, խաղը ռելսերից դուրս չգցելու համար:

Հիմա ամենակարևորի մասին, որին ցայս որևէ մեկը չանդրադաձավ. թե Արայիկ Հարությունյանը, թե Մասիս Մայիլյանը միաբերան մերժեցին Մադրիդյան սկզբուքները: Նկատենք, սա խիստ ցցուն-պաշտոնական նման մերժումն էր, այսպես ասենք՝ հայկական կողմից:

Ուստի մի քանի հիմնարար հարց. եթե չկան Մադրիդյան սկզբունքներ. ասել է` չկա նաև ԵԱՀԿ ՄԽ ֆորմա՞տը: Նկատենք, որ նույն ԵԱՀԿ ՄԽ-ը ոչ մի ձայն-ծպուտ չի հանել Արցախում հնչած տեսակետի առնչությամբ, որը հաստատապես առանց պաշտոնական Երևանի «հրահրման»  չէր տարփողվում:

Նկատենք նաև, որ հենց այդ նույն օրերին Թուրքիո փեսա, Ադրբեջանում երբեմնի դեսպան, ոչ անհայտ Մեթյու Բրայզան գլուխը հանեց իր հայտնի տիկնոջ` վերլուծաբան Զ. Բարանի  ննջարանից և ասաց, որ Մինսկի խումբը կարծես այլևս դերակատարում չունի Ղարաբաղյան հարցում, ֆորմատը տեղափոխվում է Թուրքիա- Ռուսաստան միջակայք:

Պատահականությո՞ւն էր: Դժվար: Ճիշտ տեղում` ճիշտ ժամին հայտնվելու Մեթի հոտառության արդյո՞ւնք: Թե՞ Օվերտոնի պատուհան:

Կարո՞ղ է արցախյան դուետը, Նիկոլ «պաչելուն» զուգահեռ, հեռավոր անտեսանելի մատրիցա է «գծում» (մանավանդ որ Արցախի ԱԳ նախարարը Թուրքիա շատ սիրող սորոսում «եփված» մեկի համարումն ունի):

Դուք ասեք` ոչ, ես էլ ասեմ` ոչ, սակայն մտամարզանքի համար նկատենք. Նիկոլը կարող է այս փուլում Լավրովին, Պուտինին այնքան սիրաշահել, ամեն ինչ զիջել, ասենք ոչ միայն Հարավկովկասյան երկաթուղու հարցում իր թքածը մի քանի անգամ լիզելու բոլոր շանսերը, և ընդհանրապես, ցանկացած հարցում հայաստանյան բոլոր ղեկավարներից ամենակաթոլիկը դառնալ (աթոռի հարց է), բայց եթե հանկարծ բանակցային ֆորմատը առնչվի Թուրքիային (հիպոթետիկ` նույնիսկ) Սորոս հայրիկը բարձր կգնահատի Պուտին պաչելու Նիկոլի փոքր քայլերի արվեստը:

Բոլոր դեպքերում. ինչ-որ բան է հասունանում Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, որի այսբերգը, անգամ երևացող մասն անտեսանլի-անհասկանալի է: Դեռևս:

Հասկանալին միայն խնդրի պատասխանատուներից Սերժ Սարգսյանի զորաշարժերն են. սպասվում է նրա ծավալուն ասուլիսը` արդեն Ղարաբաղյան խնդիրով. ինչը հենց այնպես լինել չէր կարող: Ինչը բավականին լույս կսփռի խորքում տեղի ունեցող գործընթացների վրա:

Անցնելով էլ առաջ` նկատենք. կոնֆլիկտի բնութը նույնպես յուրօրինակ փոփոխություն է ապրել. այն առումով, որ վերջին ամիսներին` տավուշյան դեպքերից հետո, տրանս-նացիոնալ կորպորացիաների` էներգետիկ հանգույցների նկատմամբ հայկական կողմի վերահսկողությամբ,  այն մասնակիորեն վերածվել է Հայաստան-Ադրբեջան  «վեճի» (հակամարտության)… ինչը, դե-ֆակտո մանդատ է ՀԱՊԿ ձեռքին:

Նկատառենք.  այս դիրքերից է սկսվելու բանակցությունների նոր  ռանդևուն:

Դառնալով  բուն «պաչիստներին, արձանագրենք:

Ալիևը, չնայած Թուրքիո ստնտու մայրությանը,  դեռ շատ պետք է «պաչի» Վլադիմիր Վլադիմիրիչին, եթե անգամ ողջ Եվրոպան ու Արևմուտքը թունավորել է Կրեմլի մարդ համարվող, Պուտինի համար աշխատող Նավալնուն, որպեսզի ՆԱՏՕ-ով, բոլորով հուժկու պատժամիջոցներ կիրառեն Պուտին-Ռուսաստանի նկատմամբ` Նավալնուն «թունավորելու» համար:  Կապ չունի.  Ալիևը պետք է «պաչի» Պուտինին,  որպեսզի իրեն ևս Լուկաշենկոյի նման չթողնի «գունավորեն»: Մի քանի այլ պատճառ էլ ունի Կիրթը Վլադիմիր Վլադիմիրիչին  «պաչելու».  նա «պաչում» ու հարցնում է` ինչո՞ւ ես 400  տոննա զենք տալիս Հայաստանին. նեղսրտում, «Կովկաս-2020»` Շանհայ- ՀԱՊԿ-ԱՊՀ զորավարժություններից հրաժարվում, Հուդայի նման կրկին վազում, էլի պաչում-ասում է` «քովիդի» պատվաստանյութը անպայման քեզնից եմ առնելու Վլադիրմիր Վլադիմիրի, «վսյո տվոյո մնե նրավիտցա»:

Հայոց Նիկո՞լը…. Դե` նա պտի «պաչի» Վլադիմիրին, որովհետև բնույթով` «պաչող» է:

Կարմեն Դավթյան