Ապահովագրության ծուղակներ. մեքենաների սեփականատերերը համարժեք ծառայություններ ստանո՞ւմ են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի սահման» իրավապաշտպան ընկերության տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը, որի հետ խոսեցինք ճանապարհատրանսպորտային երթևեկության ոլորտում  ներդրված ապահովագրական համակարգի արդյունավետության և առկա լուրջ խնդիրների մասին, որոնք մի շարք իրավական կարգավորումների անհրաժեշտություն ունեն։

Որքանո՞վ են համարժեք ապահովագրական ընկերությունների մատուցած ծառայությունները վարորդների վճարած ապահովագրական գումարների համադրությամբ։ Իրավաբանի դիտարկմամբ՝ հատկապես ոչ ռիսկային վարորդների համար ծառայությունների մատուցումը անհամարժեք է նրանց վճարած գումարներին, մյուս կողմից էլ հաշվի չի առնվում, որ նրանք ոչ ռիսկային գոտում են, և հետևաբար չպետք է նույնքան վճարեն, որքան ռիսկային գոտում գտնվող վարորդները։ Նույն սկզբունքով պետք է նաև տարբեր շեմեր սահմանվեն մարզերում ապրող վարորդների և Երևանում մեքենա վարողների համար։

Գևորգ Հովհաննիսյանն ասաց նաև, որ լուրջ խնդիրներ են առկա փորձագիտական կազմակերպություններում, որտեղ մասնագետները սուղ են, մինչդեռ օրական նրանց համար ահռելի փորձագիտական աշխատանք է կուտակվում, և նման պայմաններում հնարավոր չի լինում որակ ապահովել։

Ի՞նչ առաջարկություններ է ներկայացրել իրավապաշտպան կազմակերպությունը, և ինչպե՞ս են արձագանքնել պատկան կառույցներն ու պաշտոնյաները, արդյո՞ք կան հնարավորություներ այդ ոլորտը կարգավորելու՝ հաշվի առնելով, որ ապահովագրության գործընթացում  ներգրավված են մասնավոր ապահովագրական ընկերություններ, որոնք գործում են ազատ շուկայական հարաբերություններում, հետևաբար պետությունն արդյոք կարող է նրանց վրա ազդելու, վերահսկելու ու կարգավորումներ սահմանելու լծակներ ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում