Ուսվճարներն էապես բարձրացվել են, ջահել- ջուհուլները քաղում են «թավշյա հեղափոխություն» կոչվածին իրենց մասնակցության դառը պտուղները

Հիշո՞ւմ եք 2018-ի գարունը… Շատ ժամանակ չի անցել, պետք է որ հիշեք. փողոցները ողողած, փողոցներ փակող, հրապարակներ լցված մարդկանց շարքերում մեծամասնություն էին կազմում բարձր դասարանների աշակերտները, երիտասարդները: «Թավշյա հեղափոխություն» կոչվածը մեծապես հենվեց նրանց վրա, հանրապետության գերագույն գլխավոր դեմագոգն ու մանիպուլյատորը նրանցից շատերին փայլուն կերպով օգտագործեց, դե, խելքերը շատ բան չէր հասնում, մանավա՛նդ, աշխարհաքաղաքական հարցերում: Մյուս կողմից տաքարյուն էին, առավել ըմբոստ…

Այսօր այդ ջահել- ջուհուլները քաղում են «թավշյա հեղափոխություն» կոչվածին իրենց մասնակցության և ներկայիններիս իշխանության բերելու գործում իրենց դերակատարության դառը պտուղները: Օգոսռոսի վերջերին ուսանողները լսեցին բոթը` ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում ուսման վարձերը բարձրացրել են 70-160 հազար դրամով:

Hraparak.am-ի տեղեկացմամբ, մասնավորապես, «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Մեխանիկա», «Ռադիոֆիզիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա», «Սննդի անվտանգություն», «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում», «Քիմիա» ուսումնական ծրագրերի վարձավճարները բարձրացել են 70 000 դրամով, «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» ուսումնական ծրագիրը՝ 100 000, «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկան»՝ 110 000 դրամով, որը նախկին 540 հազար դրամի փոխարեն դարձել է 650 000 դրամ։

«Տեղեկատվական անվտանգություն», ինչպես նաև‰«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ուսումնական ծրագրերի վարձավճարները բարձրացվել են 160 000 դրամով, 2019-2020 թթ. ուստարում սահմանված 540 000 դրամից այժմ հասցվել են 700 հազար դրամի։ Կայքի տեղեկությունների համաձայն, ԵՊՀ-ն ուսման վարձերի բարձրացման ոչ մի հիմնավորում չունի, ամեն ինչ արվել է մոտավորապես և կամայականորեն, ոչ մի հստակ հաշվարկ չկա, թե որ մասնագիտության ուսուցումն ինչ արժե, հիմնականում ելնում են պահանջվածությունից և վճարելու պատրաստ մարդկանց առկայությունից։

ԵՊՀ-ում ուսման վարձերի բարձրացումն ընդհանրապես դուրս է որևէ տրամաբանությունից, ավելի ճիշտ, դեմ է տրամաբանությանը, ողջախոհությանը: Մանավա՛նդ, որ շատ մարդկանց կամ ընտանիքների եկամուտները նոր կորոնավիրուսային համավարակի, երկար ժամանակով աշխատատեղերի փակ լինելու, տնտեսական ճգնաժամի հետևանքով կրճատվել են, ավելին` այս առումով ապագայի սպասումները բնավ լավատեսական չեն: Մինչդեռ այս պայմաններում ԵՊՀ-ում ուսման վարձերը նվազեցնելու կամ գոն անփոփոխ թողնելու փոխարեն, էապես բարձրացրել են: Հավանաբար դա արվել է Հայաստանում գիտությանը զարկ տալու, ֆիզիկայի, մաթեմատիկայի և այլ ոլորտների նկատմամբ երիտասարդության հետաքրքրվածությունը բարձրացնելու նպատակով, ինչի մասին սիրում է խոսել ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը:

Համալսարանում ուսման վարձերի բարձրացման առնչությամբ օրերս իր բողոքն արտահայտեց նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի օրը: Իմ ողջ լրահոսը հեղեղված է բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորանքներով, նրանց կողմից գիտելիքի և կրթության փառաբանմամբ: Իհարկե, շատ լավ է, որ Գիտելիքի օրվա ավանդույթը մեզ մոտ կայուն է, սակայն.

Ու՞մ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից սկսած հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն անարդարացիորեն շարունակում են նույն չափի վարձ վճարել: Օրինակ, որքանո՞վ է արդարացի, որ այն ռադիոֆիզիկը, որը պետք է սարքավորումներով աշխատանք կատարեր, հեռավար տարբերակով չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույն վարձը վճարել: Կամ այն կենսաբանը, ով պետք է գնար դաշտային պրակտիկայի, որը նա չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույնը վարձը վճարելը: Էլ չասեմ, որ մի զգալի հատված տեխնիկական խնդիրների պատճառով դուրս էր մղվել նույնիսկ հեռավար կրթությունից:

Ու՞մ է պետք կրթության նկատմամբ այս հրապարակային ու մեծածախ սերը, երբ մարտ ամսից երկրի տնտեսական ակտիվությունը անկում է ապրում (հուլիսին՝ 10.4% անկում), տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները անարդարացիորեն շարունակելու են նույն չափի վարձ վճարել: Եվ եթե մարտ ամսին ընտանիքներն ունեին որոշակի խնայողություններ, ապա այս ամիսների ընթացքում շատերն են արդեն կանգնել փաստի առաջ: Իրավիճակի լրջությունը ցույց տալու համար միայն նշեմ, որ կան ուսանողներ, ովքեր մինչ օրս իրենց նախորդ կիսամյակի վարձը չեն վճարել:

Ու՞մ են պետք «դուք եք մեր ապագան» խոսքերը, երբ այս տնտեսական անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-ից մինչև 160.000 դրամով: Եվ չկա գեթ մեկը, ով կհարցնի՝ մի՞թե հնարավոր չէր դա անել այն ժամանակ, երբ տնտեսությունը ոչ թե երկնիշ անկում է ապրում, այլ գոնե գտնվեր կայուն աճի փուլում:

Ստացվում է այնպես, որ ուսանողների շուրջը ամեն ինչ կարող է փոխվել, բացի վարձավճարներից: Կրթության որակը կարող է մի քանի անգամ նվազել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում: Տնտեսությունը կարող է երկնիշ անկում ապրել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում:

Ժամանակը չէ՞, որ ձեր ֆեյսբուքյան և հրապարակային սերը առ կրթություն փոխակերպվի կոնկրետ գործողության և կոնկրետ քայլերի: Այլապես ստացվում է, որ ճառ ասելիս կրթությունը կարևոր է, իսկ ուսանողները՝ երկրի ապագան, բայց երբ գործը հասցնում է ֆինանսական աջակցությանը, ամեն ինչ մնում է ուսանողների և նրանց ընտանիքների ուսերին»:

Բացառված չէ, որ առաջիկայում հանրապետության այլ բուհեր ևս, հետևով ԵՊՀ օրինակին, բարձրացնեն ուսվճարները:

Արթուր Հովհաննիսյան