Պղծել են Արմենակ Ուրֆանյանի ու Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը (տեսանյութ)

Եռաբլուրում այսօր «Հայրենյաց պաշտպան» հիմնադրամի նախաձեռնությամբ ծաղիկների խոնարհման և խնկարկման արարողություն էր՝ ի հիշատակ Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի և քառօրյա պատերազմի բոլոր հերոսների։ Առավոտյան գերեզմաններին այցելելիս զոհվածների հարազատները հայտնաբերել են, որ Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի ու Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը պղծված են։

«Ռոբերտի նկարի գլխի հատվածից վերև, իսկ Արմենակի նկարում հենց դեմքին մոմի կամ ինչ-որ այլ բանի հետքեր կային։ Նախորդ անգամվա պես էր, այն ժամանակ, հիշում եք, բոլոր գերեզմանաքարերն էին պղծվել։ Այս անգամ միայն երկուսինն էին, ես չգիտեմ, դա կապ ունի՞ այն բանի հետ, որ նրանք Արցախի հերոս են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի մտերիմ ընկերուհի Արփի Թագոյանը։

Հարազատները տեղի ունեցածի մասին ահազանգել են ոստիկանությանը, ինչից հետո ոստիկաններ են ժամանել Եռաբլուր։

Հիշեցնենք, որ գերեզմանները պղծելու նախորդ դեպքը գրանցվել էր 2019-ի օգոստոսին։
Ոստիկանություն բերման ենթարկված Երևանի բնակիչ 51-ամյա կինը պատմել էր, որ մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Ավելի ուշ հայտարարվեց, թե կինը հոգեկան խանգարումներ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում