Բարի գալուստ, կարանտին (իմա՝ արտակարգ դրություն)

Հարգելի՛ քաղաքացիներ,

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Եթե առավել պարզ և հստակ, ապա արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո Կառավարության նախաձեռնությամբ կհայտարարվի Կարանտին, որը կարող է սահմանվել մինչև 6 ամիս ժամկետով, և, նպատակահարմարության դեպքում, նաև երկարաձգվել:

Արտակարգ դրության ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք, որ այն անընդմեջ երկարաձգելը խնդրահարույց է օրենքի տեսանկյունից, և հարկավոր էր ժամանակին համապատասխան օրենքում փոփոխություն կատարել: Բայց այսքան ամիս անց արտակարգ դրությունը մեկ այլ կարգավորմամբ փոխարինելը գոնե պետք է լինի իրավականորեն այնքան հստակ, որ նոր խնդիրներ չհարուցի:

Առաջարկվող փոփոխությամբ կկիրառվեն ավելի խիստ միջոցառումներ՝ թեկուզ նույն տուգանքների մասով, 11 տուգանքի տեսակ՝10 հազարից -500 հազար դրամի սահմաններում:

Հաջորդը, շատ երկրներ Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը փակ էին պահում ՀՀ-ում անվերջ ձգվող արտակարգ դրության պատճառով։ Հիմա ՀՀ ամբողջ տարածքում կարանտին հայտարարելով ի՞նչ մեսիջ ենք տալիս միջազգային հանրությանը:

Ի դեպ, կարանտին փաստացի հայտարարվում է այն պայմաններում, երբ վերաբացվում են ուսումնական հաստատությունները, ունենք հիվանդանոցներ, որոնք դուրս են գրել քովիդով վարակված վերջին պացիենտներին և այլն:

Այսինքն՝ պետական-հասարակական կյանքի բոլոր ճյուղերը հաջողությամբ գործառնելու են նախաքովիդյան ժամանակաշրջանի նմանությամբ՝ բացառությամբ օդային և ցամաքային հաղորդակցության, որը դրսում աշխատող մեր հայրենակիցներին փաստացի զրկում է ապրուստի միջոցներից, քանզի միջազգային ավիափոխադրողները խուսափում են թռիչքներ կազմակերպել մի երկիր, որտեղ սահմանված է կարանտին:

Նման ռեժիմ հայտարարելու դեպքում պարզ չէ, հարևան երկրները կվերաբացե՞ն արդյոք ՀՀ հետ օդային հաղորդակցությունը, և խոսքը բնավ էլ ակտիվ տուրիզմի մասին չէ:

Հ.Գ. Ի դեպ ԲՀԿ խմբակցությունը առաջարկների փաթեթում ներկայացրել էր նաև դրույթ՝ ըստ որի Կարանտինի հակահամաճարակային կանոնները խախտելու համար նախևառաջ նախազգուշացում տալ, և հետո նոր միայն տուգանք նշանակել և իհարկե իջեցնել տուգանքի սահմանաչափերը, որը ցավոք սրտի չի ընդունվել:

Հարկ է նշել, որ մեր առաջարկների շնորհիվ միջոցառումների բողոքարկման ժամկետը սահմանվեց մեկ ամիս՝ նախկին 10 օրվա փոխարեն, ինչպես նաև ԱՀԿ-ի հրահանգներին պարտադիր հետևելու հակասահմանադրական նորմը վերացվեց:

Միևնույն ժամանակ հասկանալի էր, որ այս մի քանի դրույթների ընդունումը չփոխեց առաջիկայում մեզ սպասվող իրավակարգավորման ողջ էությունը, ինչի պատճառով ընդդիմությունը դեմ քվեարկեց:

Հ.Գ.1.Ի դեպ «Կարանտին» բառը կամայական պոզիտիվ բառով փոխարինելը ևս որևէ կերպ չի փոխում երևույթի և իրավիճակի էությունը: