Արայիկ Հարությունյանը Հայաստանից փչող քոչարյանական ու փաշինյանական հովերին տրվա՞ծ…

Մեր հրապարակումներից մեկով արդեն անդրադարձել ենք «ՀՀ Ազգային ժողով» կոչվածի 2016 թվականի ապրիլին ծավալված մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վերջերս արած այն հայտարարությանը, թե ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատը Ապրիլյան քառօրյայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել։

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի շատ հայտնի կադրերից Քոչարյան Անդրանիկը «Յաշմա»-ի հրոսակներին լուրջ հաջողություններ է վերագրել` նպատակ ունենալով ակնարկել մեր ռազմաքաղաքական ղեկավարության, սպաների լուրջ սխալների, համապատասխան միջոցներ չձեռնարկելու մասին, ինչը նշանակում է ստվերել Ապրիլյան քառօրյայի հաղթանակը, ապա «թավշյա» ժամանակաշրջանում ընտրված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք ապրիլին հայկական կողմը հաղթե՞լ է, թե պարտվել, Ապրիլյան քառօրյայում մեր հաղթանակը հաղթանակ չի համարել:

Արայիկ Հարությունյանն ասել է, որ ինքն այդ հարցի պատասխանը չունի, մերը ոչ պարտություն է համարել, ոչ էլ հաղթանակ` այդպիսով հակադրվելով վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում այդ առնչությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած տեսակետին: Եվ սա` չնայած այն հանգամանքին, որ, հենց Արայիկ Հարությունյանի խոստովանությամբ, Ադրբեջանին չի հաջողվել լուծել այն խնդիրը, որը դրված էր նրա զինված ուժերի առջև: Մեջբերումը ԱՀ նախագահի խոսքից է.

«Բայց հաղթել ենք, թե չենք հաղթել… Ես ասում եմ՝ կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ, Ադրբեջանը ունեցել է կորուստներ, հաջողվել է գրավել որոշ դիրքեր»:

Իսկապես հետաքրքիր ժամանակներում ենք ապրում… Ըստ Արայիկ Հարությունյանի այս արձանագրման, ստացվում է, որ Ադրբեջանն ավելի շահեկան վիճակում է եղել, քանի որ և՛ հայկական կողմը, և՛ Ադրբեջանն ունեցել են կորուստներ, բայց Ադրբեջանին հաջողվել է գրավել որոշ դիրքեր, իսկ մենք այդ դիրքերը կորցրել ենք: Այսպիսով խորքում, ըստ էության, ստացվում է, որ Ադրբեջանն է հաղթել:

Մնում է պարզել, թե Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ է անտեսել և՛ այն փաստի ռազմական ու քաղաքական նշանակությունը, որ Ադրբեջանին չի հաջողվել լուծել խնդիրը, որը դրված էր նրա զինված ուժերի առջև, և՛ այն իրողությունը, որ թշնամու մարդկային և ռազմատեխնիկական կորուստներն անհամեմատելի են մեր կորուստների հետ: Ադրբեջանի ԶՈՒ-ն ջախջախվելով, հետ է շպրտվել արցախյան հողից, բացառությամբ ռազմավարական նշանակություն չունեցող 800 հեկտար ժամանակավորապես կորսված տարածքի: Գուցե պատճառը Հայաստանից փչող քոչարյանական ու փաշինյանական հովե՞րն են…

«Ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հաղթե՞լ ենք, թե պարտվել» հարցին վերջերս փաստարկված կերպով անդրադարձավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատասխանելով «Ինչպե՞ս կգնահատեք Հայկական բանակի գործողությունները» հարցին, Սերժ Սարգսյանն ասաց.

«Արտաքին հետախուզական տվյալների համաձայն, մենք հակառակորդին հասցրեցինք չորսից հինգ անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում` ավագ սպաների, և սպառազինության կորուստ: Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակներս սկսեցին գրել այն մասին, որ ադրբեջանցիները, իրենց տվյալներով, կորցրել են 1000-ից ավելի զինվորներ»:

Եվս մեկ մեջբերում ՀՀ երրորդ նախագահի խոսքից. «Ճշմարտությունը հետևյալն է. 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց: 1994 թվականից ի վեր, դրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին, և այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ` քննադատության»:

«Հաղթանա՞կ, թե պարտություն» հարցին առավել սպառիչ պատասխանը 2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանի ներածական խոսքում է, որը ս. թ. օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի սկզբում հրապարակեց ՀՀ երրորդ նախագահը: Ահա պարոն Սարգսյանի ներածական խոսքի համապատասխան հատվածը.

«Երբ հրապարակ է նետվում թեզ` հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում:

Ակնհայտ է, որ պատերազմները ինքնանպատակ չեն լինում՝ դրանք միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պատերազմը «քաղաքականության շարունակությունն է»` այլ մեթոդներով: Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները: Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը:

Մինչ պատասխանեմ հարցին՝ հաղթե՞լ, թե պարտվել ենք Ապրիլյան պատերազմում, կարճ անդրադառնամ այն հանգամանքին, թե արդյո՞ք հնարավոր էր կանխել կամ խուսափել պատերազմից: Համոզված եմ՝ հնարավոր չէր:

Ինչո՞ւ.

Որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր և, համոզված եմ, հիմա էլ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների` իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը:

Այսպիսով, պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր:

Ինչպես ասացի՝ հաղթանակը քաղաքական նպատակների իրագործումն է պատերազմի միջոցով: Որո՞նք էին Ադրբեջանի քաղաքական նպատակները, որ լավագույնս և փաստարկված ձևակերպված են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունների, պատկան մարմինների կողմից իրականացված լայնածավալ վերլուծությունների մեջ, նաև տարբեր երկրների ղեկավարների հետ, ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հետպատերազմյան բազում հանդիպումների ընթացքում և ընդունված որոշումներում:

Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ` խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը:

Երկրորդ՝ Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը, որի ամենազորեղ ապացույցը 1994 թ. ստորագրված եռակողմ հրադադարի փաստաթուղթն է:

Երրորդ՝ Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության:

Կարող եմ թվարկել նաև այլ նպատակներ, սակայն այսքանով բավարարվենք:

Հասե՞լ են նրանք իրենց նպատակներին, թե՞ ոչ:

Առաջին՝ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին հայկական կողմերին ու միջազգային հանրությանը կանգնեցնել «կայացած փաստի»‰ առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից. ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում։ Ի դեպ, սա եղել է մեր իշխանությունների թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Եթե անհրաժեշտություն լինի, ավելի հանգամանորեն կբացատրեմ:

Այսպիսով, ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Երկրորդ՝ կրելով անհաջողություններ մարտի դաշտում, Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի մասնակցությամբ: Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին: Բայց մենք մերժեցինք՝ պնդելով որպեսզի վերահաստատվի 1994թ. մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ավելի ուշ ստացանք նաև համանախագահների հստակ դիրքորոշումը` ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994թ. Եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը:

Երրորդ` ինչպես ասացի, Ալիևը պատերազմով ցանկանում էր բարձրացնել սեփական ժողովրդի ու բանակի մարտական ոգին և ստեղծել ինչ որ առասպել «հաղթանակի» մասին։ Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր` սպասվող հաջողություններն արագ հանրայնացնելու համար: Չստացվեց` շնորհիվ մեր քաջարի մարտիկների։

Մի փոքր առաջ անցնելով` ասեմ, որ ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։

Այսքանից հետո՝ հայկական կողմի համար Ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե պարտություն:

Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը»։

Դժվար թե Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ի ասուլիսից առաջ ծանոթ չլիներ պարոն Սարգսյանի դեռ օգոստոսի 19-ի մամուլի ասուլիսին, և եթե «Հաղթանա՞կ, թե պարտություն» հարցին Սերժ Սարգսյանի տված պատասխանին, որ մենք ոչ թե պարտվել, այլ հաղթել ենք` ՀՀ երրորդ նախագահի քաղաքագիտական լիարժեք հիմնավորմանը տեղյակ լինելով հանդերձ է ասել այն, ինչ վերը մեջբերեցինք, ապա մնում է եզրակացնել, որ նրա կողմից Ապրիլյան քառօրյայում մեր հաղթանակը հաղթանակ չհամարելու պատճառն իսկապես Հայաստանից փչող քոչարյանական ու փաշինյանական հովերն են…

Հավանաբար հենց փաշինյանական հովերի պատճառով է նաև, որ Արայիկ Հարությունյանը չի ընդունել վերջերս իր ղեկավարած կուսակցության պատվիրակությամբ Արցախ ժամանած «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Ով ով, բայց Արցախի Հանրապետության նախագահը պետք է լավ իմանա, որ այդ հովերը թե՛ անձնապես իրեն, թե՛ Արցախը, թե՛ մեզ բոլորիս որևէ լավ տեղ չեն տանելու…

Արթուր Հովհաննիսյան