Պարետի ինստիտուտը վերանում է, իսկ դիմակի կրման անհրաժեշտությունը պետք է սահմանի Կառավարությունը. Ռաֆիկ Գրիգորյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում  իր եզրափակիչ ելույթում Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրացրած այն հիմնավորումներին, որ արտակարգ դրությունը չերկարաձգող նախագիծը մարդու իրավունքների հետ կապված հակասահմանադրական դրույթներ ունի՝ նշեց, որ Սահմանադրության խախտում այստեղ առկա չէ:։

Արդարադատության փոխնախարարն անդրադառնալով տուգանքների ավելացմանը՝ նշեց.  «Նոր տուգանքների ավելացում, որպես կանոն, չի նախատեսվում, նոր տուգանքների մասին չէ խոսքը․ քանի որ արտակարգ դրության ռեժիմից դուրս ենք գալիս, իսկ այդ տուգանքները վերաբերում էին արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումներին, ապա անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքներ, որպեսզի այդ պայքարը հնարավոր լինի կազմակերպել: Իսկ պարետի ինստիտուտը վերանում է:

Ռաֆիկ Գրիգորյանը անդրադառնալով  հանրային միջոցառումների, ռեստորանների նշեց, որ սահմանափակումը օրենքով նախատեսված է, սակայն այն կիրառելու հարցը Կառավարության իրավասության տակ է: Սահմանափակումները շարունակվելու են պահպանվել, բայց թե ինչ ռեժիմով, ինչպիսի կիրառմամբ, կֆիքսվի Կառավարության որոշմամբ:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ Կառավարությունը պետք է սահմանի դիմակի կրման անհրաժեշտությունը: «Այսինքն այս օրենսդրական փաթեթը չի նշանակում, որ դիմակի կրման պարտադիր պահանջը հանվում է»,- ասաց նա: Անդրադառնալով  սահմաններին, նա նշեց, որ այժմ արգելք նախատեսված չէ, Կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով:

«Իսկ կոնկրետ երկրների կողմից մեր քաղաքացիներին չընդունելու առումով, ապա դա պայմանավորված է միայն համաճարակային իրադրությամբ: Բարեբախտաբար համաճարակային իրադրությունը բարելավվում է, ուստի բանակցություններ են տարվում այդ երկրների հետ, որ թույլատրեն մեր քաղաքացիների մուտքը»,-ամփոփեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ներառված են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների և հարակից օրենքների փոփոխության նախագիծը։ Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը ուղղված է ապահովելու անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կնձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և ՀՀ-ում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլև չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծվող առաջարկվող կարգավորումները։ Մասնավորապես, նոր փոփոխություններով առաջարկվում է  վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: