Հայաստանը նոր որակի ընդդիմության կարիք ունի, որը կներկայացնի հանրային պահանջը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, որի հետ խոսեցինք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռանալու պահանջի և դրա արդյունավետության մասին։ Ըստ Արման Ղուկասյանի՝ նախարարի հրաժարականը խնդրի լուծում չէ, քանի որ նա այսօրվա կառավարության քաղաքական գիծն է պահում, և անձերի փոփոխությամբ այդ գիծքը չի փոխվելու։

Որքանո՞վ են խնդրահարույց հանրակրթական չափորոշիչները և արդյո՞ք դրանք հետագայում մեր հանրության համար ավելի վտանգավոր նախագծերի իրականացման համար հող չեն նախապատրաստում։ Արման Ղուկասյանի համար անընդունելի է, որ նման կարևոր հարցը, ինչպիսին կրթությունն է, հանրային լայն քննարկման առարկա չի դարձել, և փաստացի չափորոշիչները մշակվել են նեղ շրջանակներում։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիների կրթությունը բոլորիս է վերաբերում, և ամեն ծնող պետք է իմանա, թե Հայաստանի դպրոցներում իր երեխան ինչ դաստիարակություն է ստանալու, ինչպիսի քաղաքացի է դառնալու։ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե այդ չափորոշիչներով ապագայի նոր քաղաքացի է կերտվելու, իսկ ո՞րն է այդ քաղաքացու մոդելը, ինչո՞ւ այն չի ներկայացվում հանրությանը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև որակյալ ընդդիմություն ձևավորելու անհրաժեշտությանը, որը կպայքարի ոչ թե իշխանության, այլ հանրային պահանջի իրացման համար։

Այսօր մեզ համար դեռևս դամոկլեսյան սրի նման կախված է մնում ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցը, և ներկա իշխանությունները դեռևս պատրաստակամ են այն վավերացնելու։ Արման Ղուկասյանը չի բացառում, որ կարանտինի դեմ պայքարի միջոցների կիրառման քողի տակ մեկ գիշերվա մեջ առանց հանրային քննարկումների նաև այդ կոնվենցիան կյանքի ուժ ստանա, ինչպես արվեց Լանսարոտեի կոնվենցիայի դեպքում։ Բայց նա լիահույս է, որ այդ դեպքում անգամ այդ կոնվենցիայի դրույթները կյանքի չեն կոչվի՝ հանրության անհանդուրժողականության շնորհիվ։

Մանրամասները՝ տեսանյութում